ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները Ուկրաինային առաջարկել են պատերազմի ավարտից հետո անվտանգության ընդլայնված երաշխիքներ՝ Ռուսաստանի կողմից նոր ներխուժումը կանխելու նպատակով։ Դրա դիմաց Կիևին առաջարկվել է Ռուսաստանի վերահսկողության տակ թողնել օկուպացված տարածքները, հայտնում է The Telegraph-ը։
Պարբերականի տվյալներով՝ անցած ուրբաթ Մայամիում Ուկրաինայի և եվրոպական երկրների պատվիրակությունների հետ վեցժամյա հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները հասկացնել են տվել, որ Թրամփը պատրաստ է Ուկրաինայի պաշտպանության ավելի լուրջ միջոցներ առաջարկել։
Անվտանգության «ուժեղացված» երաշխիքների մանրամասները հստակ չեն եղել, սակայն դրանք ենթադրաբար ավելին էին, քան Թրամփի նախկին առաջարկները՝ ամերիկյան ինքնաթիռներով Ուկրաինայի օդային տարածքը հսկելու և հետախուզական արբանյակային տվյալներ տրամադրելու վերաբերյալ։
Ըստ The Telegraph-ի՝ Վաշինգտոնը հույս ուներ այս ճանապարհով փոխզիջում գտնել տարածքային հարցում, որն ընդունելի կլիներ ինչպես Կիևի, այնպես էլ եվրոպական երկրների համար։
