Ռոբերտ Քոչարյանին արգելված է ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ՝ անգամ ինտերնետից և նկարահանելու հնարավորությունից զուրկ. փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հայր և որդի Քոչարյանների կալանավորման դրվագին։ Նա մասնավորապես չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է։ Ըստ բանախոսի՝ դա Իլհամ Ալիևի անձնական վրեժն է, քանի որ Ալիևների ընտանիքը տարիներ շարունակ «նեղվել է» Ռոբերտ Քոչարյանից և նրա սկզբունքային դիրքորոշումներից։

Ըստ նրա՝ սա Փաշինյանի անձնական վրեժխնդրություն չէ, սա կոնկրետ աշխարհաքաղաքական պատվեր է, և Իլհամ Ալիևն իրեն շատ հարմարավետ է զգում, որ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է «Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում»։

Բագրատ Միկոյանը միաժամանակ քննադատեց ՄԻՊ գրասենյակի գործունեությունը՝ համեմատելով ադրբեջանցի զինվորականին և Ռոբերտ Քոչարյանին այցելելու հաճախականությունը։

Ասուլիսին ներկա փաստաբան Արամ Օրբելյանն իր հերթին ևս անդրադարձավ ՔԿՀ-ում պահման պայմաններին՝ շեշտելով, որ գլոբալ խնդիրները շարունակում են մնալ չլուծված:

Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկներում արգելված է համակարգիչների, նոթբուքերի կամ թաբլետների օգտագործումը, եթե անգամ դրանք չունեն ինտերնետ կապի կամ լուսանկարելու հնարավորություն:

«Քրեական գործի նյութերը բազմահատորանոց են, որոնք կարող են հանգիստ տեղավորվել թաբլետի մեջ: Համակարգչով աշխատելն արգելված է, իսկ ձեռագիր տեքստեր գրելն ու փոփոխություններ անելն այսօր ժամանակակից աշխարհում անհնար է»,- հայտարարեց Օրբելյանը: Փաստաբանը նաև նշեց, որ քրեակատարողական հիմնարկների խցերի միջև առկա են շոշափելի տարբերություններ, մինչդեռ այդպես չպետք է լինի:

Leave a Comment