Սեդրակ Քոչարյանի պատանդառումը նախագահ Քոչարյանի վրա ճնշում գործադրելու համար աշխարհի ամենաստոր զբաղմունքն է. Միկոյան

Սեդրակ Քոչարյանը, չեմ վախենա այդ բառից, ոչ թե որ իմ ղեկավարի որդին է, այլ իրականությունն է դա, հայ քաղաքական բարձրաստիճան էլիտայի որդիներից երևի ամենապարկեշտը ու ամենադաստիարակվածն է: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«Սեդրակ Քոչարյանին պատանդ առնել նախագահ Քոչարյանի վրա ճնշում գործադրելու համար, աշխարհի ամենաստոր ու ամեն անհեռանկարային զբաղմունքն է»,- ասաց նա նա:

Բագրատ Միկոյանն ասուլիսի ընթացքում միացրեց Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ մի ձայնագրություն՝ ԵԽԽՎ-ում 2004թ․ հունիսի 23-ի ելույթից, որտեղ վերջինս պատասխանում է Ադրբեջանի պատվիրակության հարցին։

Ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչը հարցնում է, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն անձամբ մասնակցել է ռազմական գործողություններին։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է․

«Իմ երեխաները մանկություն չեն ունեցել։ Ես երեք երեխա ունեմ, ավագն այն ժամանակ յոթ տարեկան էր։ Իսկ 1991-ից մինչև 1994 թվականը նրանք ապրել են նկուղներում՝ ադրբեջանական ավիացիայի ռմբակոծությունների տակ։ Իմ ամբողջ ընտանիքը։ Այո՛, ես հպարտ եմ, որ մասնակցել եմ մարտական գործողություններին, և հպարտ եմ այն արդյունքով, որն այսօր ունենք»։

«Այդ ավագ որդին Սեդրակն էր Քոչարյան՝ յոթ տարեկան, պադվալներում, ադրբեջանական ավիացիայի ռմբակոծության տակ։ Այսօր Սեդրակ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի սիրելի ԱԱԾ պադվալում է, հայ իրավապահների ապօրինությունների ռմբակոծությունների տակ։ Բայց ոնց նախագահը վերջում ասաց՝ «Ես հպարտ եմ, որ հաղթեցի»։ Վատ նորություն ունեմ՝ երբ Քոչարյանները հայտնում են ինչ-որ պադվալում, դա ավարտվում ա հաղթանակով»,- ասաց Միկոյանը։

Leave a Comment