ՀՀ-ն ու «Ռուսական երկաթուղիները» աշխատանքային խումբ կստեղծեն ՀԿԵ-ի կոնցեսիայի հարցով

Հայաստանն ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով, հայտնում են կառավարությունից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԵ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի հանդիպման արդյունքներով։

Բելոզյորովը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ առանձին հանդիպումից հետո հայտարարել է, որ բանակցություններում կոնցեսիայի պահպանման կամ դադարեցման հարց չի բարձրացվել։

«Կոնցեսիան պահպանելու կամ չպահպանելու վերաբերյալ հարցեր չեն եղել։ Մենք քննարկել ենք կոնցեսիոն պայմանագրի կատարումը, այն կատարվում է, և պայմանավորվել ենք աշխատել միասին»,- լրագրողներին ասել է Բելոզյորովը։

«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը և նախարարը չեն հստակեցրել, թե ով է վերականգնելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանային երկաթուղային հատվածները։ Բելոզյորովն ասել է, որ բանակցությունների արդյունքների մասին ավելի մանրամասն կպատմի հայկական կողմը։ Խուդաթյանը չի հստակեցրել նաև, թե արդյոք քննարկվել է ղազախական ընկերության հնարավոր մասնակցությունը։

«Քննարկվել են երկաթուղու հետ կապված հարցեր»,- լրագրողների հարցերին պատասխանել է նախարարը։ Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում բանակցությունների արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի։

Փաշինյանը «Ռուսական երկաթուղիներ»-ի պատվիրակության հետ հանդիպմանն ընդգծել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները՝ կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետությունների և միջազգային երկաթուղային ցանցին։

Կողմերը մտքեր են փոխանակել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը և առկա խնդիրներին։

Փաշինյանը նախկինում հայտնել էր Բելոզյորովի Երևան սպասվող այցի մասին՝ Ախուրիկ և Երասխ հատվածների վերականգնումը քննարկելու համար։ Վարչապետի խոսքով՝ հանդիպման շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նիստում։ Փաշինյանը հայտնել էր նաև այդ հատվածների վերականգնման հարցով ղազախական ընկերության հետաքրքրության մասին։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հոկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել Երասխ-Նախիջևանի սահման և Գյումրի-Թուրքիայի սահման հատվածները և սպասում է Երևանի պատասխանին։ Նրա խոսքով՝ Մոսկվան համապատասխան որոշումը կայացրել էր դեռ հունվարին։ Կողմերը փետրվարին պայմանավորվել էին սկսել առարկայական բանակցություններ մոտ 1,6 և 12,4 կմ երկարությամբ այդ հատվածների շուրջ։

Հայաստանը զուգահեռաբար պատրաստվում է ենթակառուցվածքներն ինքնուրույն վերականգնել։ Սեպտեմբերին հայտարարված՝ Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևանի սահման հատվածների նախագծման մրցույթները հոկտեմբերի 6-ին ճանաչվել են չկայացած, քանի որ հայտ ներկայացրած ընկերությունները չեն ունեցել անհրաժեշտ լիցենզիաներ։

Բանակցություններն անցնում են կոնցեսիայի շուրջ տարաձայնությունների ֆոնին։ Փաշինյանը հուլիսին հայտարարել էր, որ Հայաստանը կարող է ՌԵ-ից տարեկան 2 մլրդ դոլար պահանջել ՀԿԵ-ի օգտագործման համար, եթե ընկերությունը չհրաժարվի կոնցեսիայից։ Ավելի ուշ վարչապետը ճշտել էր իր խոսքերը։

Leave a Comment