ՔՊ-ի՝ Հայ Առաքելական եկեղեցու «հարցով» հանձնաժողովի ստեղծումը համարում ենք խայտառակություն և հարված ազգային ինքնությանը, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հայ Առաքելական Եկեղեցին եղել է, կա և, վստահ եմ, կմնա մեր ինքնության սյուներից մեկը»,- ասաց Խաչատրյանը։
Բանախոսը հիշեցրեց, որ անցյալ տարի Փաշինյանը խոստացել էր հրապարակել 44-օրյա արցախյան բանակցությունների ամբողջական փաթեթը։
«Ես ավելի շատ փաստաթղթեր ունեմ և ավելի շատ եմ հրապարակել։ 25 տարի Նիկոլ Փաշինյանն հայտարարում էր, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր Արցախը փոխանակել Մեղրիի հետ։ Բայց Քի Վեսթի փաստաթղթի փոխարեն հրապարակում է իր հոդվածը։ Նույնն էլ հիմա․ մենք ունենք «սահմռկեցուցիչ» փաստեր, բայց փաստերի փոխարեն անստորագիր հոդվածների վրա է հղում անում»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենք դատապարտում են այդ «քստմնելի գրոտեսկը» և դրան մասնակցելու որևէ ցանկություն չունեն։
Ընդդիմադիր պատգամավորը միաժամանակ հիշեցրեց, որ ԱԺ-ում արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների մասին քննարկման ժամանակ իշխանության ներկայացուցիչները դուրս են եկել դահլիճից, ինչպես նաև վախենում են արտաբերել «Արցախ» անունը։
«Երեկ իրենք էին հանդիպում կազմակերպել արցախցիների հետ, և Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում խոսել քաղաքական իրավունքների մասին»,- ասաց Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում միահեծան բռնակալություն է։
«Ընտրություններից առաջ Փաշինյանն ասում է՝ կկզացնեմ, ոչ ոք չի արձագանքում, շանտաժի է ենթարկում դատական համակարգը՝ ասելով, թե եթե դատարանը չընդունի իր ուզածը, ժողովուրդն ինքը գնալու է հարցերը լուծելու։ Սա ի՞նչ է․ դատարանի հակադրո՞ւմ Լինչի դատաստանին»,- հարց հնչեցրեց պատգամավորը՝ ընդգծելով, որ ՀՀ երկրորդ նախագահի դեմ գործերը կեղծված են, իսկ խափանման միջոցն անհամաչափ է։
Արթուր Խաչատրյանն ընդգծեց՝ երկրում հաստատված բռնակալության պայմաններում ոչ ոք չի կարող լավ ապրել, այդ թվում՝ բռնակալության կողմնակիցները, քանի որ դա մեկ մարդու քմահաճույք է, և փողկապի գույնի պատճառով անգամ կարող ես հայտնվել բանտում։ «Ավելին ասեմ. եթե այսօր քաղաքական մեծամասնության անդամները կարծում են, որ իրենց շատ լավ կլինի, եթե բռնակալություն լինի, շտապեմ հիասթափեցնել. նույնիսկ նրանք իմունիտետ չունեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։