Մեր դիտակետում «Ֆոկուսում՝ ֆոկուսից դուրս» ցուցահանդես-միջոցառումների շարքն է, որի բացումը տեղի է ունենալու առաջիկայում․ այն նվիրված է «Ֆոկուս» արվեստի կազմակերպության 10-ամյակին։ Ցուցադրության համադրողներ՝ «Ֆոկուսի» համահիմնադիր, մշակութային քննադատ, ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը և արվեստագետ, համադրող, «Մեդիալաբի» մենթոր ու շրջանավարտ Սոնա Համբարձումյանը խոսում են առաջիկա ցուցադրության ու միջոցառումների ու նաև մեդիա կրթության դաշտում «Ֆոկուսի» դերակատարության մասին։
«Վերնագիրն ակնարկում է, որ միջոցառումների շարքը ներառում է աշխատանքներ ու հետազոտություններ, որոնք ուղիղ կապ չեն ունեցել կազմակերպության հետ։ Այն հուշում է, որ տոնական տարում կառնչվեք ոչ միայն կազմակերպության ներսում, այլև դրանից դուրս տեղի ունեցող խմորումներին։ Բացի այդ, այն հղում է անում օպտիկական տիրույթին՝ «ֆոկուսի մեջ և դուրս» լինելու իմաստով՝ ընդգծելով, որ շեշտադրումը միշտ վիզուալ արվեստների վրա է։ Սա նաև յուրօրինակ կարգախոս հորինելու հրամայականի արդյունք էր»,- նշում է Դավիթ Ստեփանյանը։
«Մենք փոքր կազմակերպություն ենք և չենք սիրում ցուցադրել մեր անելիքները, սակայն անգամ մեկ գրքի տպագրությունը մեզ համար կարող է իրադարձություն լինել։ Օրինակ՝ «Կինոյի տեսություն և քննադատություն» ձեռնարկը, որը թարգմանությունների ժողովածու է, կամ Ջոն Բերջերի «Տեսնելու կերպերը» գրքի թարգմանությունը։ Կարևոր իրադարձություն էր նաև «Մեդիալաբ» կրթական ծրագրի ձևաչափի փոփոխությունը՝ կիսամյա ծրագրից մեկամյայի, և այս ցուցահանդեսը հենց այդ փոփոխության արդյունքն է»,- հավելում է նա։
Տասը տարվա ընթացքում «Մեդիալաբ» կրթական ծրագիրն ունեցել է շրջանավարտների երեք խումբ, որոնցից շատերն այս ցուցահանդեսին ներկայանում են իրենց ստեղծագործություններով։ «Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տեսողական արվեստով ու դրա սահմաններով և ուզում են հասկանալ՝ արդյոք կան այդպիսի սահմաններ, ցուցահանդեսը լավ հնարավորություն է ընձեռում»,- ասում է Սոնա Համբարձումյանը։
«Ֆոկուսի» հիմնադրման տասնամյակի շրջանակում տպագրվել է նաև Դավիթ Ստեփանյանի «Ինչ է Ֆոկուսը» հետազոտական գրքույկը։ Նախատեսվում է մշակութային քննադատ Հրաչ Բայադյանի բանախոսությունը խորհրդահայ կինոյի, գրականության և մշակութային ինքնության մասին։
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ՆՓԱԿ-ում՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին։