Հայաստանն ու Ադրբեջանը պետք է տարածքների փոխանակման միջոցով լուծեն անկլավների և էքսկլավների հարցը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան Facebook-ում հրապարակած տեսանյութում ներկայացնելով խաղաղության իր պատկերացումը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ունենա 29 743 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է իրականացվեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սահմանային հարցերը, ըստ վարչապետի, պետք է լուծվեն այնպես, որ սահմանի երկու կողմերում անկլավներ և էքսկլավներ չմնան։
«Սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»,- նշել է նա։
Վարչապետի ներկայացրած տեսլականի համաձայն՝ կողմերը չպետք է միմյանց նկատմամբ պահանջներ ունենան և պետք է հրաժարվեն ինչպես «Արևմտյան Ադրբեջան», այնպես էլ «Ղարաբաղ-Գարդման-Շիրվան-Նախիջևան» ու նմանատիպ այլ թեզերի առաջմղումից։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի հետ շփումներից հետո իր մոտ նախնական տպավորություն է ձևավորվել, որ խաղաղությանը նման տեսք տալու իրական հնարավորություն կա։ Նա հավելել է, որ առաջիկայում Հայաստանի աշխատանքն ուղղված է լինելու այդ հնարավորությունն իրագործելուն։
Փաշինյանը նաև անդրադարձել է տարածաշրջանում ճանապարհների ու հաղորդակցության ուղիների բացմանը՝ նշելով որ երկները պետք է բացեն սահմանները ինչպես TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի շրջանակում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով երկու երկրների միջև կապն ապահովող մյուս ուղղություններով։
Անկլավների հարցը վերջին շաբաթներին քննարկումների կենտրոնում է Տիգրանաշենի պատճառով։ Փաշինյանը սեպտեմբերին գյուղը անվանել էր «Քյարքի»՝ այն հիշատակելով սահմանազատման գործընթացի համատեքստում։ Գյուղի բնակիչները Armenia Today-ին պատմել էին, որ չեն ցանկանում լքել իրենց տները։
Ընդդիմությունը դեմ է արտահայտվել գյուղը հանձնելուն։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել էին Տիգրանաշեն, և խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ հնարավոր հանձնման փոխարեն «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է զարգացնել գյուղը։ Խմբակցության ծրագրով նախատեսվում է զարգացնել Տիգրանաշենի և հարակից տարածքների զբոսաշրջային ու լոգիստիկ ներուժը, ինչպես նաև գյուղատնտեսությունը։
