ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրումից ու վավերացումից հետո խաղաղության տեսքին։
«Հայաստանը պետք է ունենա 29743 քառակուսի կիլոմետր տարածք:
Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմաթիի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ:
Անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով՝ սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն:
Բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն TRIPP նախագծի շրջանակում, բայց ոչ միայն TRIPP նախագծի շրջանակում:
Բոլոր հաղորդակցության ուղիները պետք է աշխատեն, բաց լինեն, այդ թվում՝ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով աշխատելու և հաղորդակցությունն ապահովելու տրամաբանությամբ»,- ասել է նա
Ըստ վարչապետի, Հայաստանը ու Ադրբեջանը իրար որևէ պահանջ չպետք է ներկայացնեն. «Որևէ պահանջ չպետք է ներկայացնեն և հանգիստ պետք է թողնեն իրար բոլոր հարցերով և բոլոր հարցերում։ Ոչ մի պահանջէ ներառյալ Ղարաբաղ Գարդման, Շիրվան, Նախիջևան տրամաբանությամբ կամ արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ»:
Վարչապետը հարցրել է՝ արդյոք կա իրական հնարավորություն խաղաղությանը այսպիսի տեսք տալու:
«Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ես ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք:
Եվ մենք առաջիկայում զբաղված ենք լինելու այդ հնարավորությունը իրագործելով, այդ հնարավորությունը իրականություն դարձնելով»,- ասել է նա:
