ՊՆ-ում Հնդկաստանի պատվիրակության հետ քննարկել են ՀՀ անվտանգային իրադրությունը

Պաշտպանության նախարարության (ՊՆ) պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգային իրադրությունը, հայտնում են ՊՆ-ից։

Այվազյանը նաև պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին։ Հանդիպման այլ մանրամասներ չեն հայտնվում։

Հայաստանն ու Հնդկաստանը օգոստոսին ստորագրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր։

Հնդկական լրատվամիջոցները 2024 թվականի հուլիսին հայտնել էին, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն ներմուծողը։ Հնդկաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ Հնդկաստանից Հայաստանի զենքի ընդհանուր ներմուծումը 2024-25 ֆինանսական տարվա սկզբին հասել էր 600 մլն դոլարի։

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում բանակցություններ էր վարել Հայաստանի պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։ Կողմերը քննարկել էին երկու երկրների միջև ռազմական համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները։

Leave a Comment