ԱԲ-ի ոլորտի ճգնաժամն ու կիբերհարձակումները սպառնում են շուկաներին․ ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) զգուշացրել է համաշխարհային ֆինանսական շուկաներում հնարավոր ցնցումների մասին՝ պայմանավորված արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի ընկերությունների բաժնետոմսերի գների հնարավոր կտրուկ անկմամբ, պետական պարտատոմսերի եկամտաբերության աճով և խոշոր կիբերհարձակումներով։ Այս մասին ասվում է հոկտեմբերի 13-ին հրապարակված «Համաշխարհային ֆինանսական կայունության զեկույցում» (Global Financial Stability Report)։

ԱՄՀ-ի գնահատմամբ՝ ԱԲ ոլորտում ներդրումներն աջակցում են համաշխարհային տնտեսության աճին, սակայն տեխնոլոգիաների շահութաբերության վերաբերյալ սպասումները կարող են չափազանցված լինել։ Եթե ընկերությունները կրճատեն ներդրումները կամ դրանց ֆինանսական արդյունքները չարդարացնեն ներդրողների սպասումները, դա կարող է հանգեցնել բաժնետոմսերի և այլ ակտիվների զանգվածային վաճառքի։

Լրացուցիչ վտանգ է ներկայացնում տեխնոլոգիական ընկերությունների պարտքային բեռի աճը։ Reuters-ի տվյալներով՝ ամպային ենթակառուցվածքների խոշորագույն օպերատորներին բաժին է ընկնում ներդրումային վարկանիշ ունեցող կորպորատիվ պարտատոմսերի համաշխարհային թողարկման շուրջ 10%-ը՝ 2024 թվականի 1%-ից պակաս ցուցանիշի դիմաց։

Երկրորդ ռիսկը կապված է պետական պարտատոմսերի եկամտաբերության աճի հետ։ Էներգակիրների բարձր գները մեծացնում են գնաճային ճնշումը, իսկ պետական մեծ պարտքերն ու բյուջետային պակասուրդները բարձրացնում են փոխառությունների ներգրավման արժեքը։

Երրորդ սպառնալիքը, ըստ ԱՄՀ-ի, կիբերհարձակումներն են։ 2026 թվականին ծրագրային ապահովման խոցելիությունների շահագործման դեպքերի ավելի քան 70%-ում մշակողները գրեթե ժամանակ չեն ունեցել խնդիրը վերացնելու մինչև հարձակումը։ Ֆինանսական ենթակառուցվածքների դեմ խոշոր կիբերհարձակումը կարող է խաթարել ներդրողների վստահությունը և շուկաների բնականոն աշխատանքը։

Միաժամանակ հիմնադրամը բանկային համակարգն ընդհանուր առմամբ կայուն է գնահատում։ Սակայն սթրես-թեստերը ցույց են տվել, որ անբարենպաստ սցենարի դեպքում կապիտալի անբավարարության կարող են բախվել այն բանկերը, որոնց բաժին է ընկնում համաշխարհային բանկային ակտիվների 22%-ը։ 2025 թվականի համանման ուսումնասիրության ժամանակ այդ ցուցանիշը կազմել էր 18%։

ԱՄՀ-ն կառավարություններին կոչ է արել նվազեցնել պարտքային ռիսկերը, սահմանափակել ներդրողների կողմից փոխառու միջոցների չափազանց մեծ օգտագործումը և ամրապնդել ֆինանսական կազմակերպությունների կիբերանվտանգությունը։

Ավելի վաղ ԱՄՀ-ն 2026 թվականի համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել էր մինչև 3,1%՝ ընդգծելով ԱԲ ոլորտում ներդրումների զգալի դերը տնտեսական աճի մեջ։

PwC խորհրդատվական ընկերության գնահատմամբ՝ մինչև 2050 թվականն աշխարհում ԱԲ-ի համար նախատեսված տվյալների կենտրոնների և հաշվարկային ենթակառուցվածքների վրա ծախսերը կարող են հասնել 31,6 տրլն դոլարի։

Leave a Comment