Ռուսական դիզվառելիքի մատակարարումների սպասումների ֆոնին նավթն էժանացել է

Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 13-ին նվազել են ռուսական դիզելային վառելիքի լրացուցիչ մատակարարումների սպասումների և Պարսից ծոցից նավթի արտահանման հնարավոր խափանումների ֆոնին, հայտնում է Reuters-ը։

Գրինվիչի ժամանակով ժամը 06։25-ի դրությամբ Brent տեսակի նավթի գինն էժանացել են 1,1%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 105,47 դոլարի։ Ամերիկյան WTI տեսակի նավթի գինը նվազել է 1,3%-ով՝ մինչև 92,57 դոլար։ Նախորդ օրը երկու տեսակների գներն էլ աճել էին մեկ բարելի դիմաց գրեթե 2 դոլարով, իսկ Brent-ի գինը հասել էր սեպտեմբերի 15-ից ի վեր ամենաբարձր մակարդակին։

Գների նվազումը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, ըստ որի՝ Ռուսաստանը համաձայնել է ավելացնել դիզելային վառելիքի մատակարարումները համաշխարհային շուկա։ ԱՄՆ վարչակազմը ժամանակավորապես վերացրել է ռուսական վառելիքի նկատմամբ պատժամիջոցային սահմանափակումները՝ ակնկալելով մեղմել նավթամթերքի պակասը։ Լրացուցիչ մատակարարումները կարող են թուլացնել վառելիքի շուկայում առկա լարվածությունը։

Սակայն ING-ի վերլուծաբանները կասկած են հայտնել Թրամփի հայտարարած՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարի կայունության վերաբերյալ՝ հաշվի առնելով ուկրաինական էներգետիկ օբյեկտներին ռուսական շարունակվող հարվածների մասին հաղորդումները։

Միաժամանակ շուկայի մասնակիցները մտահոգված են Պարսից ծոցից նավթի մատակարարումների նոր խափանումների հնարավորությամբ։ Մտահոգությունների պատճառ են դարձել հութիների հարվածները Էր Ռիադի միջազգային օդանավակայանին և Հորմուզի նեղուցի մերձակայքում նավթատար լցանավերի վրա հարձակումները։

KCM Trade-ի գլխավոր վերլուծաբան Թիմ Ուոթերերի գնահատմամբ՝ ռուսական դիզելային վառելիքի լրացուցիչ մատակարարումները և Սաուդյան Արաբիայից արտահանման կայունացումը որոշ չափով մեղմում են շուկայում առկա ճնշումը։ Սակայն Պարսից ծոցում նավերի և խողովակաշարերի վրա նոր հարձակումների մտավախությունները շարունակում են ավելի մեծ ազդեցություն ունենալ նավթի գների վրա։

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) նույնպես վերանայել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը՝ օրական 1,4 մլն բարելից նվազեցնելով մինչև 400 հազար բարել։

Նավթ արդյունահանող երկրների ներկայացուցիչները նշել են, որ որոշ դեպքերում փոխադրման և ապահովագրության ծախսերը գերազանցել են տեղափոխվող հումքի արժեքի մեկ երրորդը։

Ավելի վաղ լցանավերի վրա հարձակումների հետևանքով Հորմուզի նեղուցով նավագնացությունը նվազել էր՝ հասնելով ավելի քան երկու ամսվա նվազագույն մակարդակին։ Հոկտեմբերի 8-ին Brent տեսակի նավթի գինը գերազանցել էր մեկ բարելի դիմաց 105 դոլարը։

Հոկտեմբերի սկզբին Եվրամիության երկրները քննարկել էին դիզելային վառելիքի ռազմավարական պաշարների արտակարգ օգտագործման հնարավորությունը՝ վառելիքի գների աճը զսպելու նպատակով։

Leave a Comment