ՆԳՆ-ն հերքել է Շաքիում հարձակման վայր ոստիկանների ուշ ժամանելու պնդումը

ՆԳՆ-ն հերքել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորված Անի Ավետիսյանի այն պնդումը, թե իրավապահներն ուշ են հասել դեպքի վայր։ Գերատեսչությունից Armenia Today-ին հայտնել են, որ համայնքային ոստիկանը դեպքի վայր է հասել կնոջ զանգից 10 րոպե էլ չանցած։

Ավետիսյանը հայտարարել էր, որ Սիսիանի ոստիկանության բաժանմունքն ավելի մոտ է Շաքիին, քան այն հյուրանոցը, որտեղից ինքը հասել է տուն։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը Armenia Today-ին հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։05-ին, Ավետիսյանը զանգահարել է Շաքի բնակավայրը սպասարկող Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանի բջջային հեռախոսահամարին։

Նրա խոսքով՝ ոստիկանը սեպտեմբերի 30-ին ընդգրկված էր բաժնի օպերատիվ խմբում, իսկ հոկտեմբերի 1-ի առավոտյան հանձնել է հերթապահությունը և հանգստացել Սիսիանի իր բնակարանում։

«Չնայած այս հանգամանքին՝ զանգից 10 րոպե էլ չանցած ոստիկանը եղել է դեպքի վայրում, դեպքի վայր են հասել նաև Ոստիկանության այլ օպերատիվ խմբեր, ինչից հետո ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ստացվել դեպքի վերաբերյալ ահազանգը»,- նշել է Սարգսյանը։

ՆԳՆ խոսնակը պարզաբանել է, որ գործող կարգով ոստիկանությունը 112 կենտրոնից ահազանգ ստանալուց հետո առավելագույնը 10 րոպեում պետք է կազմակերպի օպերատիվ խմբի մեկնումը դեպքի վայր։ Նրա խոսքով՝ այս դեպքում ոստիկանության խումբն այդ ժամանակահատվածում արդեն դեպքի վայրում է գտնվել։

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին հոկտեմբերի 1-ին մուտք էր գործել Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը և հարձակվել ընտանիքի վրա։ Հարազատները պատմել էին, որ տուժած Անի Ավետիսյանը երեխաներին պաշտպանելիս ձեռքով փակել էր ադրբեջանցու հրազենը, որի ժամանակ կրակոցից կորցրել էր ձախ ձեռքի 3 մատը։ Նա վիրավորվել էր նաև ոտքից, Ավետիսյանի որդին դաստակի վնասվածք էր ստացել և վիրահատվել։ Դատարանը հոկտեմբերի 2-ին Մուսաևին կալանավորել էր երկու ամսով։ Ավետիսյանն ու նրա երեխաները տուժող են ճանաչվել։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շաքիում տեղի ունեցածը «սովորական կրիմինալ միջադեպ» էր անվանել՝ նշելով, որ ոստիկանություն զանգահարելուց հետո պետք էր սպասել իրավապահների գործողություններին։

«Եվ եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, բացարձակապես ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ»,- Ազգային ժողովում հայտարարել էր Փաշինյանը։

Կարդացեք նաև՝

«Դատել ՀՀ-ում», «փոխանակել»․ քաղաքացիները՝ հայ ընտանիքին վնասած ադրբեջանցու մասին

Leave a Comment