Լիբանանի բանակը հայտնել է Սիրիայից շուրջ 200 կգ պայթուցիկ նյութի մաքսանենգ ներմուծման փորձը կանխելու մասին։ Նույն օրը՝ հոկտեմբերի 12-ին, Եվրամիության խորհուրդը որոշում է ընդունել Լիբանանի զինված ուժերի և ներքին անվտանգության ստորաբաժանումների պատրաստման առաքելություն ստեղծելու մասին։
Լիբանանի բանակի տվյալներով՝ պայթուցիկ նյութերը հայտնաբերվել են երկրի հյուսիս-արևելքում՝ Էլ Քասր-Հերմել շրջանում, պարկերի մեջ։ Մաքսանենգները փախել են Սիրիայի տարածք։ Առգրավված նյութերը փոխանցվել են իրավասու մարմիններին, միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչություն ունեցող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Սա հոկտեմբերին տեղի ունեցած նմանատիպ երրորդ գործողությունն է։ Հոկտեմբերի 1-ին զինվորականները հայտնաբերել և առգրավել էին 245 կգ տրոտիլ, չորս պայթուցիկ սարք և ութ դետոնատոր։ Հոկտեմբերի 9-ին բանակն առգրավել էր ևս շուրջ 24 կգ տրոտիլ և ռեակտիվ արկեր։
Ավելի վաղ անվտանգության ուժերը Դահր էլ Բայդար անցակետում կանգնեցրել էին հարյուրավոր կիլոգրամ պայթուցիկ նյութ տեղափոխող բեռնատար։ Associated Press-ի տվյալներով՝ իշխանությունները ստուգում են բեռի հնարավոր կապը «Հեզբոլլահ» շարժման հետ։
Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը խոստացել է բացահայտել բոլոր առնչություն ունեցող անձանց և կանխել զենքի ապօրինի շրջանառությունը։
Պետական վերահսկողությունն ամրապնդելու ջանքերի շրջանակում Եվրամիությունը որոշել է ստեղծել EUSM Lebanon առաքելությունը՝ նախնական երեքամյա մանդատով։ Այն աջակցելու է Լիբանանի բանակին ցամաքային և ծովային սահմանների անվտանգության ապահովման, վերահսկողության և մաքսանենգության դեմ պայքարի հարցերում։
Առաքելության քաղաքացիական բաղադրիչը նախատեսում է ներքին անվտանգության ուժերի մասնագիտական պատրաստություն, այդ թվում՝ կիբերհանցագործությունների և ապօրինի առևտրի դեմ պայքարի ուղղություններով։
ԵՄ խորհուրդը պարզաբանել է, որ առաքելության ստեղծման որոշումն արդեն ընդունվել է, սակայն դրա տեղակայումը կսկսվի օպերատիվ պլանավորման ավարտից և մեկնարկի վերաբերյալ առանձին որոշման ընդունումից հետո։
Ավելի վաղ Լիբանանի կառավարությունը հավանություն էր տվել բանակի մշակած՝ «Հեզբոլլահի» զինաթափման ծրագրին, սակայն դրա իրականացման ժամկետներ չէր սահմանել։ Երկրի իշխանությունները բազմիցս ընդգծել են սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը պետական կառույցներին փոխանցելու անհրաժեշտությունը։
