Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»


Միջազգային


Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն կոչ է արել ամրապնդել արդյունաբերական և ներդրումային համագործակցությունը Թուրքիայի հետ։ Նրա խոսքով՝ եվրոպական ընկերությունները գնալով փնտրում են վստահելի գործընկերներ, իսկ Թուրքիան ունի արտադրական կարողություն, արդյունաբերական փորձառություն և հարևան շուկաների հետ կապեր, որոնք կարող են օգնել Եվրոպայի մատակարարման շղթաները դարձնել ավելի դիմացկուն։

Պրևոն ելույթ է ունեցել Բրյուսելում՝ Թուրքիա-ԵՄ բիզնես գագաթնաժողովի բացմանը, որը կազմակերպել են Թուրքիայի Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհուրդը (DEİK) և Եվրոպական բիզնես գագաթնաժողովը (EBS)։


Բելգիայի փոխվարչապետը հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի 2-րդ ամենամեծ բանակ ունեցող դաշնակիցն է, ԵՄ թեկնածու երկիր է և ունի Եվրոպան, Ասիան ու Մերձավոր Արևելքը կապող խոշոր արդյունաբերական տնտեսություն։ Նրա գնահատմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմը, աճող գլոբալ մրցակցությունը և մատակարարման շղթաների խափանումները Եվրոպային ստիպել են ավելի լավ գիտակցել իր տնտեսական խոցելիությունը։


Հարաբերություններում առաջընթացի հնարավոր ուղղություններից մեկը, ըստ Պրևոյի, Մաքսային միության արդիականացումն է։


Պրևոն կոչ է արել Թուրքիայի հետ համագործակցությունը խորացնել տնտեսական անվտանգության, պաշտպանության, նորարարության, մաքուր էներգիայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։ Նրա խոսքով՝ տնտեսական հարաբերությունները չպետք է սահմանափակվեն ապրանքների առուվաճառքով, կողմերը պետք է միասին զարգացնեն, արտադրեն և ներդրումներ անեն։

Բելգիայի փոխվարչապետը նաև տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Բրյուսելում Բելգիան և Թուրքիան եռակողմ հանդիպում կունենան արտաքին գործերի, արդարադատության և ներքին գործերի ոլորտներում համագործակցությունը քննարկելու համար։

Ermenihaber


Leave a Comment