Հութիները շրջափակել են Եմենի երրորդ խոշոր քաղաքը և հարվածել Սաուդյան Արաբիային

Եմենի հութիները գրեթե ամբողջությամբ շրջափակել են երկրի մեծությամբ երրորդ քաղաքը՝ ավելի քան մեկ միլիոն բնակիչ ունեցող Թաիզը։ Ռազմական գործողությունների հետևանքով քաղաքում սննդամթերքի և վառելիքի պակաս է առաջացել, հայտնում է Associated Press-ը (AP)։ Միաժամանակ Սաուդյան Արաբիայի վրա հութիների հարձակումների ֆոնին Qatar Airways ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Էր Ռիադ և Դամամ։

AP-ի տվյալներով՝ հոկտեմբերի 4-ին հութիները գրավել են Թաիզից հարավ գտնվող ռազմավարական նշանակության Էթ Թուրբա բնակավայրը՝ փակելով Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներից քաղաք տանող մատակարարման ուղիների մեծ մասը։

Բնակիչները մտավախություն ունեն, որ կարող է կրկնվել 2015 թվականից հետո տարիներ շարունակված շրջափակումը։ Քաղաքում նվազում են դիզելային վառելիքի և կենցաղային գազի պաշարները, թանկանում են սննդամթերքն ու ջուրը։ Որոշ ընտանիքներ հեռանում են Թաիզից, իսկ մնացածները փորձում են սննդամթերքի պաշարներ կուտակել։

Մարտերը շարունակվում են քաղաքից հարավ-արևմուտք գտնվող լեռնային շրջաններում։ Տեղական առողջապահական մարմինները զգուշացնում են, որ դիզելային վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցները կարող են զրկվել էլեկտրամատակարարումից։ Դժվարացել է նաև դեղորայքի մատակարարումը։

Միաժամանակ հութիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի տարածքին։ Հոկտեմբերի 12-ին Qatar Airways-ը հայտարարել է Էր Ռիադ և Դամամ քաղաքներ իրականացվող և այնտեղից մեկնող չվերթների ժամանակավոր դադարեցման մասին՝ պատճառաբանելով ստեղծված իրավիճակը։ Ընկերությունը չի հստակեցրել թռիչքների վերականգնման ժամկետները։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 10-ին, Էր Ռիադի միջազգային օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով զոհվել էր առնվազն 12 մարդ, ևս 309-ը վիրավորվել էին։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հարձակման պատասխանատվությունը դրել է հութիների վրա։

Իրավիճակը սրվել է Եմենում լայնածավալ մարտական գործողությունների վերսկսումից հետո։ Սեպտեմբերին հութիները գրավել էին Կարմիր ծովի ափամերձ մի շարք տարածքներ, այդ թվում՝ Մոխա նավահանգիստը։ Հոկտեմբերի 4-ին Եմենի նախագահական ղեկավար խորհրդի նախագահ Ռաշադ ալ Ալիմին հայտարարել էր «Անսար Ալլահ» շարժման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։

Սաուդյան Արաբիայի տարածքին հասցվող հարվածների ֆոնին Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան հոկտեմբերի 12-ին հութիներից պահանջել էին դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարձակումները։

Հութիներն իրենց հերթին սպառնացել են շարունակել հարվածները, եթե Էր Ռիադը չդադարեցնի ռազմական գործողությունները Եմենում։

Leave a Comment