Գլենդելի Վուդրո Վիլսոնի անվան դպրոցի հայազգի պատմության ուսուցիչ Գագիկ Գալֆայանը նահանգի ևս չորս մանկավարժի հետ արժանացել է «Կալիֆոռնիայի տարվա ուսուցիչ- 2027» կոչմանը, հայտնում է Լոս Անջելեսի շրջանի կրթության վարչությունը։
Հաղթողներին հոկտեմբերի 8-ին հայտարարել է Կալիֆոռնիայի հանրակրթական համակարգի ղեկավար Թոնի Թերմոնդը։ Մրցանակը շնորհում է նահանգի կրթության դեպարտամենտը՝ դասավանդման ձեռքբերումների և դպրոցական կյանքում ներդրման համար։ Ծրագիրը գործում է 1972 թվականից։
Գալֆայանը Գլենդելի Վուդրո Վիլսոնի միջնակարգ դպրոցում պատմություն է դասավանդում 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտներին՝ օգնելով նրանց հասկանալ անցյալի իրադարձությունների ազդեցությունը ներկայի վրա։ Նա նաև ղեկավարում է դպրոցի տարեգրքի՝ աշակերտների և ուսումնական տարվա իրադարձությունների մասին պատմող ալբոմի պատրաստման աշխատանքները։ Նա 14 տարվա ուսուցիչ է։
Գալֆայանը նախկինում վեց տարի դասավանդել է Գլենդելի տարրական դպրոցներից մեկում գործող հայերենի երկլեզու ուսուցման ծրագրում։
Ապրիլին Գալֆայանը ճանաչվել էր Գլենդելի դպրոցական շրջանի տարվա ուսուցիչ, ապա ընդգրկվել Լոս Անջելեսի շրջանի տարվա 16 ուսուցչի թվում։ Գլենդելն ԱՄՆ-ում հայ համայնքի կենտրոններից է։ Քաղաքում կառուցվում է նաև Հայ-ամերիկյան թանգարանը՝ նվիրված հայկական սփյուռքի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։
