Ֆրանսիայում հայտնաբերվել են Ռենուարի գողացված կտավները՝ 4,2 մլն եվրո արժողությամբ

Ֆրանսիացի քննիչները հայտնաբերել են Պիեռ Օգյուստ Ռենուարի երկու կտավ՝ ընդհանուր մոտ 4,2 մլն եվրո արժողությամբ, որոնք գողացվել էին Կան-սյուր-Մերում գտնվող նկարչի թանգարանից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Մարսելի դատախազ Նիկոլա Բեսոնին։

«Տիկին Կոլոննա Ռոմանոյի դիմանկարը» և «Երիտասարդ կինը ջրհորի մոտ» կտավները գողացվել էին սեպտեմբերի 8-ին։ Գրեթե մեկ ամիս անց դրանք հայտնաբերվել են բնակելի տներից մեկում՝ կեղծ պատի հետևում։ Երկու աշխատանքն էլ վնասված են և վերականգնման կարիք ունեն․ դիմանկարի վրա պատռվածք է հայտնաբերվել։

Գողությունը բացահայտելուն օգնել են ԴՆԹ-ի հետքերը պաշտպանիչ պատյանի վրա, որը հանցագործները թողել էին փախչելիս, գրում է Associated Press-ը։ Դրանք համընկել են մի տղամարդու ԴՆԹ-ի հետ, որի ավտոմեքենային ոստիկանությունն արդեն հետևում էր մեկ այլ քննության շրջանակում։ Մեքենայի տեղաշարժերի տվյալները քննիչներին հասցրել են այն տունը, որտեղ թաքցված էին կտավները։

Մեղադրանք է առաջադրվել չորս տղամարդու։ Գողության ենթադրյալ երկու կատարողները կալանավորվել են, ևս երկուսը թողնվել են դատական հսկողության ներքո։ Ձերբակալություններն արագացվել են այն բանից հետո, երբ կասկածյալներից մեկն այցելել էր Սեն-Պոլ-դը-Վանսում գտնվող Մեգ հիմնադրամի արվեստի հավաքածուն։ Քննությունը կասկածել էր, որ նոր կողոպուտ է նախապատրաստվում։

Leave a Comment