
Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան և Եվրոմիությունը լրատվամիջոցներն օգտագործում են Ուկրաինայում խաղաղության հասնելու ցանկացած ջանք և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցությունը խափանելու համար։
«Կարևոր թեմա, որը բոլորը անտեսում են․ Մեծ Բրիտանիայի ձախակողմյան կառավարությունը ձգտում է «Ուկրաինայում հավերժական պատերազմի»՝ բրիտանական կենսակերպի քայքայումից ուշադրությունը շեղելու համար։ Մեծ Բրիտանիան օգտագործում է իր հսկայական մեդիա ռեսուրսները՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու ցանկացած ջանք և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ցանկացած համագործակցություն սաբոտաժի ենթարկելու համար։ ԵՄ-ն հետևում է նրան», — գրել է Դմիտրիևը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Դմիտրիևը հայտարարել էր, որ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պետք է դադարեցնեն պատերազմ հրահրելը, քանի որ, նրա խոսքով, միջազգային հանրությունը խաղաղություն է ցանկանում։