Սիսիանում դասապատրաստման ժամանակ ուսուցչուհու կողմից 6-ամյա տղային ապտակելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում Քննչական կոմիտեն 1 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել, Armenia Today-ը տեղեկացել է ՔԿ-ից։
Քրեական հետապնդումը հարուցվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հատկանիշներով՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև յոթ տարի ազատազրկում-խմբ․)։
Մեղադրյալի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, կասեցվել է նրա պաշտոնավարումը։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր 55-ամյա ուսուցչուհուն ձերբակալելու մասին՝ պարապմունքի ժամանակ վեցամյա տղային ապտակելու կասկածանքով։
Ոստիկանության տվյալներով՝ դեպքի մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 8-ին։ Իրավապահների վարկածով՝ կինը հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Սիսիանի բնակարաններից մեկում պարապմունքի ժամանակ մի քանի անգամ հարվածել է երեխայի դեմքին։ Տեղի ունեցածը հեռախոսով տեսագրել է տղայի անչափահաս եղբայրը։ Երեխայի մայրը հրաժարվել է ոստիկանությանը հաղորդում ներկայացնել։
Ուսուցչուհուն ձերբակալել էին հոկտեմբերի 8-ին։ Նյութերն ուղարկվել էին քննչական մարմին, որից հետո քրեական վարույթ էր նախաձեռնվել։
