«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հարցումներ է պատրաստել Շրջակա միջավայրի նախարարություն՝ COP17 կենսաբազմազանության համաժողովի նախապատրաստման համար կնքված պայմանագրերի ամբողջական բնագրերը ստանալու նպատակով։ Ասուլիսի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի YouTube-ի ալիքում
Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը նշել է, որ հարցումները վերաբերում են նաև «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ի հետ կնքված՝ գրեթե 11 մլրդ դրամի (մոտ 30 մլն դոլար) պայմանագրին։ Նրա խոսքով՝ հրապարակված նյութերում մանրամասն նախահաշիվ չկա։
Պատգամավորները ցանկանում են պարզել՝ պետությունը կոնկրետ ինչ աշխատանքների և ծառայությունների համար է վճարում, դրանց արժեքը որքանով է համապատասխանում շուկայական գներին և ինչով է հիմնավորված գնումների ծավալը։ COP17 համաժողովը Հայաստանում կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը։
Ինչ է հայտնի գրեթե 11 մլրդ դրամանոց պայմանագրի մասին
Ենգոյանի խոսքով՝ «Մերիդիան Հոլդինգի» հետ կնքված պայմանագրի հասանելի փաստաթղթերում միայն ընդհանուր տեղեկություններ կան առաջին հարկի շինարարության, տարածքների մակերեսի և աշխատանքների արժեքի մասին։ Միաժամանակ այնտեղ բացակայում են աշխատանքների մանրամասն ցանկը, դրանց ծավալներն ու տեխնիկական պահանջները։
Պատգամավորի կարծիքով՝ առանց այդ տվյալների հնարավոր չէ գնահատել ծախսերի հիմնավորվածությունը։
Խմբակցությունը նաև պահանջելու է «Դոփինգ Սփեյս» ընկերության հետ կնքված պայմանագրերի ամբողջական բնագրերը։ COP17-ի անցկացման վերջնական արժեքը պատգամավորները մտադիր են պարզել համաժողովի ավարտից հետո, քանի որ, Ենգոյանի գնահատմամբ, ծախսերը շարունակում են աճել։
Ով է վճարում կանխավճարի վերադարձի երաշխիքի համար
Նույն խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն ուշադրություն է հրավիրել «Մերիդիանին» տրված կանխավճարի պայմանների վրա։ Նրա խոսքով՝ պետությունը ընկերությանը վճարել է դեռ չմատուցված ծառայությունների արժեքի 80%-ը, իսկ կապալառուն պարտավորությունների չկատարման դեպքում միջոցների վերադարձն ապահովելու համար բանկային երաշխիք է տրամադրել։
Մանուկյանի պնդմամբ՝ երաշխիքի ձևակերպման ծախսերը նույնպես հոգում է պետությունը։ Նրա գնահատմամբ՝ նման երաշխիքը միջինում արժենում է կանխավճարի գումարի 2–3%-ը։ Պատգամավորը կասկածի տակ է դրել այդ լրացուցիչ բյուջետային ծախսերի հիմնավորվածությունը։
Armenia Today-ի հարցին՝ անհրաժեշտ է արդյոք փոխել պետական գնումների մասին օրենսդրությունը, թե ուժեղացնել վերահսկողությունը, Մանուկյանը պատասխանել է, որ գործող նորմերը հնարավորություն են տալիս ապահովել թափանցիկություն և մրցակցություն։ Խնդիրը նա տեսնում է դրանք կիրառելու քաղաքական կամքի բացակայության մեջ։
Որպես օրինակ՝ պատգամավորը նշել է մեկ անձից գնումները, առանց տեխնիկական բնութագրիչների կիսատ-պռատ պայմանագրերի հրապարակումը և կապալի պայմանագրերում նախահաշիվների բացակայությունը։
25 հազար դրամանոց փաթեթավորում և գովազդային 3 պայմանագիր
Մանուկյանը վիճահարույց այլ ծախսերի թվում առանձնացրել է հատուկ փաթեթավորման 400 միավորի գնումը՝ յուրաքանչյուրը գրեթե 25 հազար դրամով (մոտ 69 դոլար)։ Ընդհանուր գումարը կազմում է մոտ 10 մլն դրամ (մոտ 27 հազար դոլար)։ Նա պահանջել է պարզաբանել՝ ինչին է նախատեսված այդ փաթեթավորումը և ինչով է հիմնավորված դրա գինը։
Պատգամավորը նաև մատնանշել է պայմանագրով նախատեսված 19 մլն դրամը (մոտ 52 հազար դոլար)՝ չնախատեսված ծախսերի համար։ Նրա կարծիքով՝ ուղեկցող ծախսերը, այդ թվում՝ լոգիստիկան, արդեն պետք է ներառված լինեն ապրանքների և ծառայությունների արժեքում։
Խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը քննադատել է COP17-ի գովազդային արշավի կազմակերպումը։ Նրա խոսքով՝ մեկ գովազդային արշավի համար երեք առանձին պայմանագիր է կնքվել՝ գրեթե նույն բովանդակությամբ։
Մաթևոսյանի կարծիքով՝ այդ միջոցների մի մասը հնարավոր էր ուղղել այլ խնդիրների լուծմանը, այդ թվում՝ Սյունիքի մարզի Շաքի գյուղի հատվածում սահմանի ամրապնդմանը, որտեղ ադրբեջանցի զինծառայողը հարձակվել էր հայ ընտանիքի վրա։
Ինչ է անելու ընդդիմությունը թափանցիկության համար
Պատգամավորները մտադիր են շարունակել պայմանագրերի ուսումնասիրությունը և հրապարակայնորեն ներկայացնել հայտնաբերված խնդիրները։
Մանուկյանը չի բացառել իրավական գործընթացներ նախաձեռնելու հնարավորությունը, սակայն մամուլի ասուլիսի ընթացքում իրավապահ մարմիններին ուղղված կոնկրետ դիմումի մասին չի հայտնել։
Նա նաև հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները նախկինում պատրաստակամություն էին հայտնել քննիչ հանձնաժողով ձևավորելու դեպքում համատեղ ուսումնասիրել հնարավոր խախտումները։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտարարել են, որ դեմ չեն COP17-ի անցկացմանը․ նրանց մտահոգությունները վերաբերում են գնումների թափանցիկությանը և ծախսերի հիմնավորվածությանը։
Շրջակա միջավայրի նախարարությունը հակադարձել է կապալառուների ոչ թափանցիկ ընտրության մասին մեղադրանքներին։
Գերատեսչությունը հայտնել է, որ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդում նախապես նախատեսվել է 18,5 մլրդ դրամ։
Նախարարության տվյալներով՝ նախաորակավորման գործընթացին հայտ է ներկայացրել 12 կազմակերպություն, որոնցից 10-ը համապատասխանել են սահմանված պահանջներին։ Նրանց թեկնածությունները փոխանցվել են ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությանը, որը, ըստ նախարարության հայտարարության, ինքնուրույն իրականացրել է վերջնական ընտրությունը։
Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 12-ին վավերացրել է COP17-ի անցկացման վերաբերյալ համաձայնագիրը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 3։ Քննարկման ընթացքում «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարել են բյուջետային միջոցների անթափանցիկ ծախսման ռիսկերի մասին։
