Type / to choose a blockԵթե 4-րդ սերնդի բրազիլահայ երիտասարդը մայրենիի փոխարեն խոսում է պորտուգալերեն, իսկ ուրուգվահայը՝ իսպաներեն, արդյո՞ք նրանք պակաս հայ են, քան Երևանի կենտրոնում ապրողները։ Եվ եթե թշնամին փորձում է աշխարհին ապացուցել, թե հայկական մշակույթի մատյանները «դատարկ էջեր» են եղել, ի՞նչ ունենք մենք պատասխանելու՝ բացի հպարտ լռությունից։
Այս ոչ ստանդարտ, ցավոտ, բայց չափազանց կենսական հարցերի շուրջ է ծավալվել «Սփյուռքի ձայնը» հաղորդաշարի զրույցը Աստվածաշնչային ընկերակցության Ծոցի երկրների ընդհանուր քարտուղար, հրապարակախոս, դոկտոր Հրայր Ճեպեճյանի հետ։ Մարդ, ով վերջին ամիսներին անցել է տասնյակ հազարավոր կիլոմետրեր՝ Սիդնեյից մինչև Սան Պաուլո, Կահիրեից մինչև Պոլիս ու Բալկաններ, և տեսել է աշխարհասփյուռ հայության այնպիսի շերտեր, որոնց մասին դասագրքերում չեն գրում։
«Դատարկ էջերի» առասպելն ու 360-ամյա պատասխանը
Ամեն ինչ սկսվեց Երևանում՝ Ազգային գրադարանում կայացած «Ժառանգության պահպանություն հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովից։ Առիթը հոբելյանական էր. լրանում է Ոսկան վարդապետ Երևանցու կողմից Ամստերդամում տպագրված հայերեն առաջին Աստվածաշնչի 360-ամյակը։ 1666 թվականին, երբ աշխարհի շատ ժողովուրդներ դեռ չգիտեին՝ ինչ է գրատպությունը, հայ վարդապետը եվրոպական մայրաքաղաքում տպագրեց մի մատյան, որը դարձավ մեր քաղաքակրթական զրահը։
Հրայր Ճեպեճյանը պատմում է՝ գիտաժողովից անմիջապես հետո օտարազգի գիտնականների հետ (այդ թվում՝ Աֆրիկայից ու Նամիբիայից) այցելել է Մատենադարան։ Եվ այնտեղ՝ հազարամյա ձեռագրերի առաջ, հասկացել է ամենակարևորը․ «Ես Մատենադարանում այնպիսի՜ հպարտություն ապրեցի։ Ասացի՝ Տե՛ր Աստված, ի՜նչ մեծ ազգի ենք պատկանում, ինչքա՜ն մեծ մշակույթ ունենք։ Թո՛ղ մեզ չգան ու չսովորեցնեն 100 կամ 200 տարվա պատմություն ունեցող ժողովուրդները, թե ինչ է մշակույթը։ Մենք դարերի վրա երկարած ժողովուրդ ենք։ Երբ քարոզչությամբ ցույց են տալիս դատարկ էջեր, ահա՛ մեր վկայությունը. ոչ ոք չի կարող ասել, թե մեր էջերը դատարկ են։ Դրանք շա՜տ-շատ լեցուն էջեր են»։

Լատինական Ամերիկայի պարադոքսը. «Լեզուն կորցրել են, բայց աներևակայելի հայ են»
Հրայր Ճեպեճյանի ճամփորդական օրագրի ամենատպավորիչ էջերը թերևս Հարավային Ամերիկայինն են։ Բրազիլիայում (շուրջ 50,000 հայություն) և Ուրուգվայում (շուրջ 15,000) այսօր ապրում է 4-րդ, 5-րդ սերունդը։ Լեզվի իմացությունն այստեղ նահանջել է աղետալի արագությամբ։ Երիտասարդները գրեթե չեն խոսում հայերեն։ Բայց արդյո՞ք նրանք ձուլվել են։ Ահա այստեղ է թաքնված գլխավոր ինտրիգը․
«Բրազիլիայում պորտուգալերեն են խոսում, Ուրուգվայում՝ իսպաներեն, բայց այնքա՜ն ուժեղ հայեր են։ Հիմա ի՞նչ անենք, ասենք՝ քանի որ հայերեն չես խոսում, ուրեմն հայ չե՞ս։ Այդպես չպիտի լինի։ Մենք պետք է փոխենք մեր մեթոդաբանությունը։ Չենք կարող 130-140 տարվա մեթոդներով մոտենալ այսօրվա սերնդին։ Պետք է գոնե սովորեցնենք խոսակցական հայերենը, բայց նախևառաջ՝ նրանց պահենք մեր գրկում»։
Նույն պատկերն է անգամ Պոլսում՝ աշխարհի ամենահին համայնքներից մեկում։ Կան բազմաթիվ վարժարաններ, թերթեր, եկեղեցիներ, բայց դասամիջոցին, երբ աշակերտները դուրս են գալիս բակ, նրանց շուրթերից թուրքերեն է հնչում։ Ինքնությունը պահպանվում է, բայց լեզուն դառնում է ամենախոցելի սահմանը։
60 ընտանիք և մեկ խաչքար. Մոնտենեգրոյի անսպասելի հայությունը
Երբեմն հայկականությունը պահելու համար պետք չեն ահռելի ֆինանսներ կամ հարյուրամյա կառույցներ. պետք է պարզապես մի սրբազան կետ։
Հրայր Ճեպեճյանը պատմում է մի դրվագ, որը հնչում է ինչպես կինոյի սցենար. Մոնտենեգրոյի փողոցներով քայլելիս նա տիկնոջ հետ հայերեն է խոսել։ Անսպասելիորեն նրանց է մոտեցել մի երիտասարդ աղջիկ և հարցրել. «Դուք հա՞յ եք»։ Պարզվել է՝ Բալկանյան այս փոքրիկ երկրում ապրում է շուրջ 60 հայ ընտանիք՝ վերջին տարիներին արտագաղթած Հայաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից։ Այնտեղ չկա հայկական դպրոց, չկա եկեղեցի, չկա միություն։
Բայց կա մի բան, որը ցնցել է Հրայր Ճեպեճյանին. «Տեղի եկեղեցու բակում շատ գեղեցիկ մի խաչքար կա կանգնեցված։ Եվ այդ 60 ընտանիքները հենց այդ խաչքարի շուրջ են հավաքվում Ապրիլի 24-ին կամ Զատիկին։ Տեսնո՞ւմ եք՝ նույնիսկ եթե կառույց չկա, այդ մեկ հուշաքարը, այդ մեկ խաչքարը դառնում է հային միացնող մագնիսը»։

«Սփյուռք՝ Սփյուռքի մեջ». նոր ճեղքվա՞ծք, թե՞ նոր արյուն
Հարցազրույցի ամենախորքային մտորումներից մեկը վերաբերում էր Սփյուռքի ներքին կառուցվածքի փոփոխությանը։ Տասնամյակներ շարունակ գոյություն է ունեցել «դասական Սփյուռքը»՝ Ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգները՝ իրենց կուսակցություններով, թեմերով ու ակումբներով։ Սակայն վերջին 30 տարում ձևավորվել է «նոր Սփյուռքը»՝ անկախ Հայաստանից և հետխորհրդային տարածքից հեռացածները։ Եվ այս երկու շերտերը հաճախ չեն շփվում, չեն հասկանում միմյանց․
«Նորեկները դեռ չեն պատկերացնում, թե ինչ է հայապահպանությունը, որովհետև նոր են եկել Հայաստանից և չունեն դասական Սփյուռքի 130 տարվա դառը փորձառությունը։ Իսկ հին Սփյուռքն էլ մտածում է՝ ինչպե՞ս ընդունել նրանց։ Սա մեծ վտանգ է. առաջանում է Սփյուռք՝ Սփյուռքի մեջ։ Մենք պետք է կամուրջներ գցենք ոչ միայն Հայաստանի և Սփյուռքի, այլև Սփյուռքի և Սփյուռքի միջև»։
Ի՞նչ անել. «Ոչ թե խառնվել իրար գործերի, այլ թիկունք լինել»
Ի վերջո, ինչպե՞ս պետք է գոյատևի այս հսկայական, բազմաշերտ հայկական տիեզերքը, երբ 7-8 միլիոն հայ ապրում է հայրենիքի սահմաններից դուրս։ Դոկտոր Ճեպեճյանը պնդում է՝ պետք է դադարեցնել հոռետեսությունը, թե «Սփյուռքը վերջացած է», բայց նաև պետք է դադարել ապրել անցյալի իներցիայով՝ վերանայել կառույցները, առաջնորդվել գործընկերությամբ, ոչ թե թելադրանքով, չկտրել օրգանական թելը։