Մենք նկատել ենք, որ իշխանությունը պետական բյուջեն ծախսում է միայն հարստացման, ոչ թե, օրինակ, քաղաքացիների բերաեցության համար։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցությա պատգամավոր Լենա Մաթևոսյանը։
«Մենք երեկ ականատես եղանք, թե իշխանություններն ինչպես են արձագանքում կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարին։ Երբ երեկ ընդդիմադիր դաշտը կետ-կետ ներկայացրեց, թե ինչպիսի կոռուպցիոն հնարավոր մեխանիզմներ են առկա COP17-ում, իրենք ընդամենն ասում էին՝ դեմ եք միջոցառմանը։ Իրենք չեն պայքարում դրա դեմ, իրենք շատ լավ հասկանում են, որ թաթախված են կոռուպցիայի մեջ։
Իրենք շատ լավ հողեր են զիջում, շատ լավ Տիգրանաշեն են պատրաստվում զիջել, իսկ երբ հարցը վերաբերում է գումար զիջելուն, իրենք պատրաստ չեն զիջել, պատրաստ չեն խնայել։ Իրենք շատ լավ մսխում են պետական բյուջեն»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է կառավարության այն հայտարարությանը, որ բոլոր միջոցառումները կազմակերպվել են ՄԱԿ-ի չափորոշիչների համաձայն, Լենա Մաթևոսյանը նկատեց՝ Շրջակա միջավայրի նախարարությունում կա՛մ ՄԱԿ-ի ստանդարտները լավ չեն հասկացել, կա՛մ սխալ են թարգմանել։
«Ինչպես որ սխալ էին թարգմանել 12 և 20 բառերը։ Այս բառերը սխալ թարգմանած կառավարությունն եկել ասում է՝ ՄԱԿ-ի ստանդարտներով ենք առաջնորդվել։ Մի փոքր որ ավելի խոր գնաք պայմանագրի մեջ, նույնիսկ աթոռ ու բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ ավել գումար գրեն։ Դրա համար նախ պետք է ճշտել, ստանդարտները ճի՞շտ են հասկացել։ Ես խորհուրդ կտայի, որ կառավարությունում մի լավ անգլերենի թարգմանիչ գտնեն, ՄԱԿ-ի ստանդարտները ճիշտ հասկանալ, նոր դրանց հղում տալ»,-ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն իր հերթին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բոլոր պայմանագրերում բացակայում են տեխնիկական բնութագրերը։
«Իմ կարծիքն այն է, որ չկարողանանք շուկայական ռեալ ուսումնասիրություն անել, ասեն՝ մենք ՄԱԿ-ի համապատասխան ոսկե թելով բեյջ ենք պատվիրելու»,- ասաց նա։
Պատգամավորը միաժամանակ շեշտեց՝ պատրաստվում են իրենց բոլոր բացահայտումների մասով իրավական ընթացակարգեր սկսել։
Ասուլիսին ներկա նրա գործընկեր, նույն խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն իր հերթին հավելեց՝ եթե ՏԿԵՆ-ը «Մերիդիան հոլդինգ»-ից վարձակալել է 496,9 ք/մ տարածք, և 1ք/մ-ն արժեցել է 23,48 դրամ, ապա COP17-ի շրջանակներում 1ք/մ տարածքը վարձակալության է տրվում 462,5 դրամով, այսինքն՝ գինը մոտ 20 անգամ թանկանում է։