Այս պահին արgախgիներին բնակարան ձեռք բերելու համար տրվող գումարի բարձրացում չի նախատեսվում. Արսեն Թորոսյան

«Հայաստանում բնակարանները թանկացել են բոլոր քաղաքացիների համար։ Դա խոսում է երկրում տնտեսական ակտիվության մասին»,- ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ Արցախի Հանրապետությունից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ կազմակերպված քննարկումից հետո լրագրողներին ասաց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ արցախցիները պետք է փորձեն գտնել տներ ոչ միայն Երևանում. «Մենք առաջարկում ենք տներ փնտրել ոչ միայն Երևանում կամ երևանամերձ համայնքներում, այլև այլ համայնքներում, որտեղ կա, օրինակ, 5 միլիոնի հնարավորություն։

Երևանում է կենտրոնացած զբաղվածությունը, մեր քաղաքացիները այստեղ ավելի հեշտ են աշխատանք գտնում, բայց պետք է մտածենք ապակենտրոնացման մասին։  Մենք չենք կարող բոլորին, խոսքը միայն Ղարաբաղի մեր հայրենակիցների մասին չէ, ամբողջ Հայաստանը բերել և երևանամերձ համայնքներում տեղավորել»։

Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ այս պահին արցախցիներին բնակարան ձեռք բերելու համար տրվող գումարի բարձրացում չի նախատեսվում. «2027 թվականի բյուջեն ծրագրավորված այնպես, որպեսզի սպասարկի արդեն տրված սերտեֆիկատները և նոր տրվող սերտեֆիկատները»։ 

Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 12-ի դրությամբ արցախցիների բնակապահովման ծրագրի շրջանակում 8643 հավաստագիր է տրամադրվել, իրացվել է 4991-ը։ 

Leave a Comment