«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է, որ COP17-ի անցկացման շղարշի ներքո տեղի ունենա բյուջետային միջոցների վատնում. պատգամավոր

Ի սկզբանե պետք է ֆիքսել, որ «Ուժեղ Հայաստան»-ը ողջունում է COP17-ի՝ Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու գաղափարը, կարևորում է այս միջոցառումը, ընդունում է, որ այն բավականին հեղինակավոր միջոցառում է, բայց մենք դեմ ենք, որ այդ միջոցառման կազմակերպման և անցկացման շղարշի ներքո տեղի ունենա կոռուպցիոն ռիսկեր պարունակող բյուջետային միջոցների վատնում։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը։

Ըստ բանախոսի՝ կառավարությունը փորձել է մեկ անձից գնումը ներկայացնել մրցույթի շղարշի ներքո։
«Մենք առնվազն 10 պայմանագիր ենք հայտնաբերել նույն ընկերության հետ, որը, լինելով միջոցառումներ և գովազդ կազմակերպող ընկերություն, պետությունից ստացել է տեսախցիկների տեղադրման, կահույքի մատակարարման, տրանսպորտային փոխադրման պայմանագիր։ Ի՞նչ, մեզ ուզում համոզել, որ Հայաստանում կա մի ընկերություն, որ այս ամեն ինչը հոյակապ, բարձր մակարդակով, ՄԱԿ-ի ստանդարտնռրի համապատասխան կարողացել է իրականացնե՞լ։ Այսինքն՝ այնքան լավն է եղել, որ բոլոր կետերով ի՞նքն է շահել»,- հարց հնչեցրեց պատգամավորը։

Ասուլիսին ներկա նրա գործընկեր, նույն խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն իր հերթին հավելեց՝ COP17-ի քողի տակ պետական բյուջեից պետք է չարդարացված ծախսեր արվեն։

«Ես երեկ ցցուն օրինակով ցույց տվեցի մեկ պայմանագիր, բայց բազմաթիվ են պայմանագրերը, որտեղ անտրամաբանական գնումներ են կատարվել։ Պայմանագրում մի կետ կար, որի մասին ուզում եմ խոսել. հատուկ փաթեթավորման համար հատկացվել է համարյա 25 հազար դրամ։ Ուզում եմ հասկանալ՝ այդ ի՞նչ ենք փաթեթավորում ու ինչով, որ միավորի արժեքը 25 հազար դրամ է։ Ու այն դեպքում, որ այլ տեղերում արդեն ունենք ուռճացված գներ։ Եվս 19 միլիոն էլ նախատեսված է չնախատեսված ծախսերի համար։ Ներառել են, որ ի՞նչ»,- հարց հնչեցրեց պատգամավորը։

Ըստ նրա՝ ցանկության դեպքում կառավարությունը կարող էր հարյուր միլիոնների խնայողություններ անել։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությա պատգամավոր Լենա Մաթևոսյանն էլ նկատեց՝ ապշել է COP17-ի գովազդային արշավին հատկացված գումարներից, մինչդեռ խելամիտ կերպով ծախսված և խնայված գումարներով կարելի էր ամրացնել օրինակ Շաքիի սահմանը, որպեսզի ինչ-որ ադրբեջանցի չկարողանար անցնել սահմանը և մտնել հայ մարդու տուն։

«Կապի, տրանսպորտի, գովազդի ծառայությունների պայմանգրեր կնքել են մեկ անձի հետ։ Եվ գիտե՞ք՝ ինչ կազմակերպության հետ են կնքել. մի կազմակերպության հետ, որը ամենաաղմկահարույց, ձախողված միջոցառման կազմակերպիչն էր՝ Սնուփ Դոգի համերգի կազմակերպիչը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ ընդդիմադիր պատգամավոր Լիանա Մանուկյանն ԱԺ ամբիոնին էր մոտեցել թերմոսով, կրծքանշանով, բեյջի կախիչներով և պայուսակով։ Նա պնդել էր, որ Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների ձեռքբերման համար ծախսել է շուրջ 290 միլիոն դրամ։

Պայմանագրերի ուսումնասիրությունը փաստում է, որ 16 500 ջրաման կամ թերմոս է գնվել՝ յուրաքանչյուրը 7 800 դրամով, ինչի համար ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 128 միլիոն դրամ, 19 700 բեյջի թել՝ յուրաքանչյուրը մոտ 1 200 դրամով՝ ավելի քան 24 միլիոն դրամ, իսկ 16 500 էկո պայուսակ՝ յուրաքանչյուրը 3 400 դրամով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 57 միլիոն դրամ։ Ընդդիմադիր պատգամավորը պնդել էր, թե այս ապրանքները հնարավոր էր ավելի էժան գնել:

Leave a Comment