Խոշոր հրդեհ՝ Արմավիր քաղաքում հայտնի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում



Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գործող Լեվազ շինանյութի խանութում։ 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատներից, կրակի տարածման դեմ պայքարել են շինանյութի խանութի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումը, այս պահին էլ կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ և իրականացվում է հրդեհի թաքնված օջախների հայտնաբերում։

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում են մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանն ու Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալի և ծառայության գծով ավագ տեսուչի գլխավորությամբ։

Այս պահին ժամանած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզում են՝ արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, ինչպես նաև դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակը բռնկվել է շինանյութի խանութի բակային հատվածում եղած պահեստում, այրվել են մոտ 150 հատ ստեկլովատ, 5 մ/խ տախտակ, 1000 հատ պենոպլաստ, 800 հատ պենոպլեքս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment