Երևանի ավագանին 36 կողմ, 17 դեմ և 6 ձեռնպահ ձայներով ընդունել է քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնյաների, համայնքային ծառայողների և մի շարք այլ աշխատակիցների պաշտոնային ամսական դրույքաչափերը սահմանող նախագիծը։ Ավագանու նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-ի ալիքում։
Նախագիծը հաստատվել է առանց առանձին քննարկման։
Այն նախատեսվում է փոխել աշխատավարձերի հաշվարկման գործակիցները, որոնց դեպքում բարձրացում է սպասվում։
Ավագանու այսօրվա նիստում ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Արամ Թորոսյանն ու Մանուկ Սուքիասյանն առաջարկել են նախագիծը հանել չզեկուցվող հարցերի ցանկից և առանձին քննարկել։ Առաջարկը չի ընդունվել, որից հետո նախագիծը դրվել է քվեարկության։
Ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը, քննադատելով հարցն առանց քննարկման ընդունելը, հայտարարել է, որ քաղաքապետարանը տանում են ավտորիտարիզմի ճանապարհով։
Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ավագանու նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանի ավելի վաղ ներկայացրած հաշվարկների՝ Երևանի քաղաքապետի աշխատավարձը նոր համակարգով 1 մլն 320 հազար դրամից կհասնի 2 մլն 80 հազար դրամի՝ ավելանալով 760 հազար դրամով։
Մանուկյանի հրապարակած տվյալներով՝ քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը 1 մլն 20 հազար դրամից կհասնի 1 մլն 913 հազար 600 դրամի, մյուս տեղակալներինը՝ 952 հազարից 1 մլն 830 հազար 400 դրամի, վարչական շրջանների ղեկավարներինը՝ 850 հազարից 1 մլն 248 հազար դրամի, իսկ քաղաքապետի խորհրդականներինը՝ 629 հազարից 915 հազար 200 դրամի։
Պատգամավորը նշել է, որ վարչական շրջանի աշխատակազմի հավաքարարի աշխատավարձը կավելանա ընդամենը 47 հազար 840 դրամով։ Նա նաև քննադատել էր այն, որ նախագծում անդրադարձ չկա «Երևան ավտոբուս»-ի վարորդների և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ավելի վաղ պարզաբանել էր, որ նախագծով նախատեսվում է հաստատել աշխատավարձերի հաշվարկման գործակիցները, ոչ թե դրանց վերջնական չափերը։ Նրա խոսքով՝ աշխատավարձերի հաշվարկման հիմք հանդիսացող բազային աշխատավարձը պետք է սահմանվի Երևանի 2027 թվականի բյուջեով։
Գալջյանը նաև նշել էր, որ հրապարակվող գումարները ներառում են հարկերն ու պարտադիր վճարները, որոնք կազմում են շուրջ 25%։ Նրա հաշվարկով՝ 2 մլն դրամ հաշվարկային աշխատավարձի դեպքում աշխատակցի փաստացի ստացվող գումարը կկազմի մոտ 1,5 մլն դրամ։
Նրա պնդմամբ՝ փոփոխությունը քաղաքային բյուջեի համար էական լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջացնի, քանի որ նախկինում որպես պարգևավճար վճարվող գումարները ներառվելու են աշխատավարձերում։
Գալջյանը նշել էր, որ վերջին տարիներին բարձրացվել են քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների, գրադարանների, հասարակական տրանսպորտի, աղբահանության, կանաչապատման, առողջապահական և մշակութային հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը։ Մինչդեռ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի աշխատավարձերը, նրա խոսքով, վերջին անգամ բարձրացվել են ավելի քան հինգ տարի առաջ։
Նա աշխատավարձերի վերանայման անհրաժեշտությունը հիմնավորել էր նաև աշխատաշուկայում տեղի ունեցած փոփոխություններով՝ նշելով, որ վերջին հինգ տարում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը շուրջ 204 հազար դրամից հասել է 312 հազարի՝ աճելով ավելի քան 53%-ով։
Գալջյանի խոսքով՝ փոփոխությունը վերաբերում է շուրջ 2000 աշխատակցի, որոնց մեծամասնությունը ոչ թե բարձրաստիճան կամ քաղաքական պաշտոնյաներ են, այլ տարբեր ոլորտների մասնագետներ և համայնքային ծառայողներ։ Նա ընդգծել էր, որ աշխատավարձերի բարձրացումն անհրաժեշտ է փորձառու մասնագետներին պահպանելու, նոր կադրեր ներգրավելու և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը չվտանգելու համար։
