Մենք պետք է շարունակենք արտադրել եվրոպական ավտոմեքենաներն ու դրանց բաղադրիչները Եվրոպայում. Մակրոն

Մենք պետք է շարունակենք արտադրել եվրոպական ավտոմեքենաներն ու դրանց բաղադրիչները Եվրոպայում. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան և Եվրոպան պետք է պաշտպանեն իրենց ավտոարդյունաբերությունը, արագացնեն էլեկտրամոբիլների արտադրությունն ու ամրապնդեն արդյունաբերական անկախությունը։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում՝ Փարիզում անցկացվող ավտոսրահի՝ Mondial de l’Auto-ի շրջանակում։

Մակրոնի խոսքով՝ տասը տարի առաջ շատերը կարծում էին, որ Եվրոպայում էլեկտրամոբիլների մարտկոցների արտադրությունն անհնար է, իսկ ֆրանսիական ավտոարդյունաբերությունը չի դիմանա համաշխարհային մրցակցությանը։ Սակայն այժմ Ֆրանսիայում գործում է մարտկոցների արտադրության չորս խոշոր գործարան, իսկ Renault R4 և R5 էլեկտրամոբիլները համալրվում են Ֆրանսիայում արտադրված մարտկոցներով։

Մակրոնը ներկայացրել է երեք առաջնահերթություն՝ պաշտպանել եվրոպական արդյունաբերությունը անարդար մրցակցությունից, արագացնել էլեկտրիֆիկացումն ու վերաարդյունաբերականացումը և ամրապնդել Եվրոպայի տնտեսական ինքնիշխանությունը։ Նա նշել է, որ Եվրամիության և Չինաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը քայլ է անարդար մրցակցության դեմ պայքարում, մասնավորապես՝ հիբրիդային ավտոմեքենաների շուկայում։

Ֆրանսիայի նախագահը նաև հայտնել է, որ Փարիզը և Բեռլինը աշխատում են համաձայնության շուրջ, որը թույլ կտա համատեղել արտանետումների կրճատումը, մրցունակությունն ու եվրոպական արտադրողների պաշտպանությունը։ Նրա խոսքով՝ առաջնահերթություն պետք է լինի ավտոմեքենաների և դրանց բաղադրիչների արտադրությունը Եվրոպայում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment