Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է Շինարարների փողոցում ապօրինի կրպակների քանդման աշխատանքներին։
«Նույն Շինարարներ փողոցում տասնյակ կրպակներ քանդվեցին, և դուք էնտեղ չէիք։ Բայց հենց երեկ այնտեղ էիք, որովհետև հավանաբար ձեր գործընկերներից մեկն այնտեղ ունի մասնավոր շահ, մտածում է՝ էդ տրակտորն իր շահին էլ կարող է անդրադառնալ։ Երբ հերթը հասնում է ձեզ, դառնում եք օրենքի պաշտպան»,- ասել է Արմեն Գալջյանը՝ դիմելով ընդդիմությանը ։
Հիշեցնենք՝ մամուլում գրվել է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներոջ բենզալցակայանը գտնվում է նույն փողոցում։
Գալջյանի խոսքով, ավագանու անդամներն, ընդհակառակը, պետք է լինեին համայնքի սեփականության պաշտպան, այլ ոչ թե գնային և պայքարեին մասնավոր անձի ինքնակամ շինության համար. «Բա քաղաքի հողի սեփականության համար ո՞վ պետք է պայքարի, եթե ոչ դուք»։
