«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». տուժած կինն՝ ադրբեջանցու կրակոցների մասին․ ԶԼՄ

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կրակոցներից վիրավորված Անի Ավետիսյանը հայտարարել է, որ եթե ինքը չդիմադրեր զինված տղամարդուն, ինքն ու երեխաները ողջ չէին մնա։ Այդ մասին նա հայտնել է «Ազատությանը»։

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա»,- ասել է տուժածը։

39-ամյա Ավետիսյանը պատմել է, որ տուն հասնելիս տեսել է երեխաների վրա զենք պահած տղամարդուն։ Նրա խոսքով՝ զինծառայողը երեք կրակոց է արձակել։ Առաջինը վրիպել է, երկրորդի ժամանակ, երբ տղամարդը փորձել է կրակել որդու ուղղությամբ, ինքը բռնել է ինքնաձիգը, ինչի հետևանքով կորցրել է ձախ ձեռքի բութ մատը, իսկ մյուս մատները լուրջ վնասվել են։

Կնոջ պատմելով՝ դրանից հետո ինքը դանակով դիմադրել է զինծառայողին։ Երբ վերջինս զենքն ուղղել է իր կրծքին, ինքը փորձել է այն իջեցնել, ինչի հետևանքով կրակոցից վնասվել է ոտքը։

«Եթե ես էդ րոպեին չկողմնորոշվեի, հիմա համ ես չէի լինի, համ էլ երեխեքը»,- ասել է Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողը մոտ 15 րոպե երեխաներին պատանդ է պահել, մինչև ինքը Սիսիանից հասել է տուն։ Կինը նշել է, որ միջադեպի ընթացքում չի իմացել՝ զինված տղամարդն ադրբեջանցի է, քանի որ նա որևէ բառ չի արտաբերել։

Ավետիսյանը քննադատել է նաև իրավապահներին՝ բնակիչներին ադրբեջանցի զինծառայողի հնարավոր ներթափանցման մասին չզգուշացնելու և դեպքի վայր ուշ հասնելու համար։ Ըստ ԱԱԾ-ի՝ Բաքուն սեպտեմբերի 29-ին հայկական կողմին տեղեկացրել էր զորամասը լքած և ենթադրաբար Հայաստան անցած զինծառայողի մասին։

Ավետիսյանին, «Ազատության» փոխանցմամբ, ևս երեք վիրահատություն է սպասվում (դեպքից հետո նա վիրահատության էր ենթարկվել-խմբ․)։

«Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, այսօր գրել է, որ Մուսաևն իրավապահներին հայտնել է, թե ընտանիքի տուն մտնելիս որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել։ Ըստ թերթի տվյալների՝ ադրբեջանցին «մի քանի անգամ խնդրել է իրեն թույլ տալ հեռանալ, սակայն կրակել է այն բանից հետո, երբ տանտիրուհին բռնել է իր զենքի առաջամասից»։

Ըստ թերթի՝ Մուսաևը նաև նշել է, թե «կրակոցից հետո կինը և ընտանիքի անդամները հարձակվել են իր վրա, դանակով հարվածել ու ծեծել իրեն»։ Նրա վարկածը տարբերվում է տուժած Ավետիսյանի նշածից, ըստ որի՝ զինծառայողը զենքն ուղղել է երեխաների վրա, իսկ ինքը փորձել է պաշտպանել նրանց։

Մուսաևը կալանավորված է, Ավետիսյանն ու նրա երեխաները տուժող են ճանաչվել։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շաքիում տեղի ունեցածը «սովորական կրիմինալ միջադեպ» էր անվանել՝ նշելով, որ ոստիկանություն զանգահարելուց հետո պետք էր սպասել իրավապահների գործողություններին։

«Եվ եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, բացարձակապես ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ»,- Ազգային ժողովում հայտարարել էր Փաշինյանը։

Կարդացեք նաև՝

«Դատել ՀՀ-ում», «փոխանակել»․ քաղաքացիները՝ հայ ընտանիքին վնասած ադրբեջանցու մասին

Leave a Comment