Շինարարների փողոցում կրպակների սեփականատերերը փորձել են խոչընդոտել ապամոնտաժմանը

Երևանի քաղաքապետարանը ուշ երեկոյան հատուկ տեխնիկա է բերել Աջափնյակի Շինարարների փողոց՝ կրպակներն ապամոնտաժելու համար։ Սեփականատերերը փորձել են խոչընդոտել հատուկ տեխնիկայի աշխատանքին՝ պնդելով, որ ունեն կրպակների օրինականությունը հաստատող փաստաթղթեր։

Փողոցում կենտրոնացվել էին ոստիկանության զգալի ուժեր։ Կրպակների մոտ սեփականատերերի հետ հավաքվել էին նրանց հարազատներն ու բնակիչները։ Սեփականատերերը լրագրողներին ցույց էին տալիս իրենց փաստաթղթերը։

Ծաղկի կրպակի սեփականատերը լրագրողներին հայտարարել է, որ երեք ամիս առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի ստորագրությամբ որոշում է ստացել հողի վարձակալությունը մինչև 2029 թվականը երկարաձգելու մասին։ Նրա խոսքով՝ Սարգսյանն իր հետ գնացել է նոտարական գրասենյակ, վարձավճարը մինչև տարեվերջ վճարված է, իսկ կրպակն իր սեփականությունն է։

«Վկայական եմ հանել, որ մինչև 29 թվականը ես օրենքով այս հողը ինձ վարձակալության է տրված, իսկ վրայի շինությունը իմ սեփականությունն է»,- ասել է սեփականատերը։

Նրա պնդմամբ՝ ապամոնտաժումը կազմակերպել են գիշերով, որպեսզի մինչև առավոտ ավարտեն, քանի որ առավոտյան դատարանը կարող էր հայցի ապահովման նոր որոշում կայացնել։ Սեփականատիրոջ խոսքով՝ Սարգսյանը զգուշացրել է, որ «ոչ վկայականն է փրկելու, ոչ դատարանի որոշումը»։

Սեփականատերը հայտնել է, որ ծաղկի կրպակի կողքին ևս չորս օբյեկտ կա, այդ թվում՝ սննդի կետ և վարսավիրանոց։ Նրա գնահատմամբ՝ միայն իր օբյեկտի շուկայական արժեքը գերազանցում է 250 հազար դոլարը, իսկ ներսի գույքի արժեքը կազմում է 40–50 հազար դոլար։ Նրա խոսքով՝ փոխհատուցման հարցը չի քննարկվել։

«Ասում է՝ մենք կքանդենք, դուք գնացեք դատարան։ Եթե քանդեցին, ես ո՞նց եմ ապացուցելու, որ իմ գույքը այս վիճակում է եղել»,- ասել է նա։

Մեկ այլ սեփականատիրոջ խոսքով՝ իրենց իրավաբանը դատարանի որոշումն ուղարկել էր վարչական շրջանի աշխատակազմին, սակայն այնտեղից պատասխանել էին, որ ժամը 18:00-ից հետո չեն աշխատում։

«Եթե ժամը վեցից հետո չեք աշխատում, ինչո՞ւ եք ժամը 10-ին եկել քանդում»,- ասել է նա։

Բողոքի ակցիային ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը և «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը հայտարարել են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մտադրության մասին։

Նրանց գնահատմամբ՝ քաղաքապետարանի գործողություններում առկա են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և քաղաքացիների գույքին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու փորձի հատկանիշներ։

Մանուկյանը լրագրողներին հայտարարել է, որ սեփականատերերը չեն առարկում հանրային գերակա շահի հիմքով գույքի օտարմանը, եթե գույքը նախապես գնահատվի, և իրենք ստանան համապատասխան փոխհատուցում։

«Քաղաքացին ասում է՝ ես դեմ չեմ, որ դու ասում ես՝ գերակա շահ եմ ճանաչում, քանդում եմ։ Քանդի՛ր, փոխհատուցումը տո՛ւր։ Այսինքն՝ արի՛ գույքը գնահատի՛ր, հասկացի՛ր՝ ինչքան է գույքս, տո՛ւր այդ փոխհատուցումը, էլի քանդի՛ր»,- ասել է Մանուկյանը։

Պատգամավորը նաև պնդել է, որ քաղաքապետարանը փորձում է նախ քանդել կրպակները, իսկ սեփականատերերին թողնել իրենց իրավունքները տարիներ շարունակ դատարանում պաշտպանելու անհրաժեշտության առաջ։

«Իրենց մոտ առաջնորդվում են լակոտապետության գաղափարով, այսինքն՝ մենք գիշերով գանք քանդենք, հետո այս մարդը կդիմի դատարան, հինգ տարի կանցնի»,- հայտարարել է նա։

Տեղում Մանուկյանը վիճաբանել է Սարգսյանի հետ, որը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Քաղաքապետարանի գործողությունները պատգամավորը բնորոշել է «ջեբկիրի տրամաբանությամբ»՝ հայտարարելով, որ գիշերով ուզում են քանդել մարդկանց ունեցածը։ Սարգսյանը, իր հերթին, պատգամավորին և նրան աջակցողներին անվանել է «բուդկի պաշտպաններ»։

Մնացականյանը քննադատել է իշխանություններին՝ նշելով, որ նրանք հաշվի չեն առնում, թե կրպակների ապամոնտաժումից հետո որքան ժամանակ կպահանջվի սեփականատերերից՝ իրենց բիզնեսը վերականգնելու համար։ Նա այդ վերաբերմունքը «մեղմ ասած՝ անմարդկային» է անվանել։

«Մարդիկ ամբողջ կյանքում որևէ արժեք չեն ստեղծել, բիզնեսից չեն հասկանում, չեն պատկերացնում, թե այդ շենքը քանդելուց հետո ինչքան երկար ժամանակ է պետք այս մարդկանց վերականգնվելու, նոր բիզնես հիմնելու համար, դրա համար այսպես են անում»,- ասել է նա։

Հանցագործության մասին հաղորդումը ներկայացնելու համար պատգամավորները զանգահարել են ոստիկանություն։ Մանուկյանի խոսքով՝ նա երեք անգամ զանգահարել է, սակայն իր ահազանգերով ոստիկանները մեկ ժամ անց էլ չէին ժամանել։

Մնացականյանը տեսախցիկների առջև՝ բարձրախոսով, զանգահարել է 1-02 և հետաքրքրվել, թե երբ կգան ոստիկանները։ Օպերատորը պատասխանել է, որ ահազանգը գրանցված է, սակայն ժամկետ նշել չի կարող։ Պատգամավորների խոսքով՝ նրանք ոստիկանության բաժնից ընդամենը 50 մետր հեռավորության վրա էին։

Մանուկյանը նաև քննադատել է իշխանություններին դատարանի որոշումը, իր պնդմամբ, չկատարելու համար՝ հիշեցնելով դատական համակարգի բարեփոխման մասին վարչապետի հայտարարությունը։

«Երեկ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տալիս, ասում էր՝ պետք է Սահմանադրությունը փոխենք, որ դատական համակարգը բարենորոգվի։ Հիմա իրենց կուսակցականները, թաղապետերը այս երկրի դատարանի որոշումը չեն կատարում»,- ասել է նա։

Մի քանի անգամ ոստիկանություն զանգահարելուց հետո հավաքվածներին է մոտեցել ոստիկանության աշխատակից և առաջարկել հաղորդում ներկայացնել բաժնում։ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների չորս պատգամավոր մտել է ոստիկանության բաժին։ Մնացականյանը քիչ անց դուրս է եկել բաժնից և տեղեկացրել, որ պատգամավորները ցանկացել են համատեղ հաղորդում ներկայացնել, սակայն իրավապահները այն ընդունել միայն մեկ անձից։

Հաղորդումը ներկայացրել է Մանուկյանը։

«Ա1+»-ը հոկտեմբերի 12-ին հայտնել էր, որ Շինարարների փողոցի խանութներից մեկի սեփականատիրոջ հայցով դատարանը կասեցրել է այդ խանութի ապամոնտաժումը։ Ըստ հրապարակման՝ դատարանն արձանագրել է, որ գործի նյութերում ապացույցներ չկան, որ խանութը համայնքային կամ պետական հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույց է։

Leave a Comment