Մարդկությունն առաջիկա 75 տարում կարող է կանգնել վերացման վտանգի առաջ՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված կենսաբանական զենքի կամ միջուկային հակամարտության և դրան հաջորդող սովի պատճառով․ նախազգուշացրել են «The Lancet» ամսագրի փորձագետները։
Մարդկությանը սպառնացող 17 հիմնական վտանգների ցանկում ներառվել են նաև կլիմայի փոփոխությունը, համավարակները, բնական աղետները, հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունությունը, մթնոլորտի աղտոտումը, ռազմական հակամարտություններն ու մարդասիրական օգնության կրճատումը։
Փորձագետների տվյալներով՝ բարձր եկամուտ ունեցող տարածաշրջաններում հիմնական սպառնալիքներից են ճարպակալումն ու հոգեկան խանգարումները, իսկ ցածր եկամուտ ունեցող տարածաշրջաններում՝ կրթության ցածր մակարդակը։ Հետազոտության հեղինակները կոչ են արել աշխարհի առաջնորդներին վաղ փուլում քայլեր ձեռնարկել այդ ռիսկերը նվազեցնելու համար՝ ներդրումներ կատարելով նորարարությունների ոլորտում և ամրապնդելով առողջապահական համակարգերը։
