Նոր լուծումներ՝ տրանսպորտի ազատ տեղաշարժի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոր լուծումներ՝ տրանսպորտի ազատ տեղաշարժի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փողոցներում խցանումները թեթևացնելու և հանրային տրանսպորտի երթևեկությունն արագացնելու նպատակով քաղաքային իշխանությունը նոր քայլեր է նախատեսում։

Առանձնացված գծեր, կայանման կանոնների խախտումների նկատմամբ խստացված վերահսկողություն, խոչընդոտող մեքենաների տարհանում․ քաղաքապետարանում քննարկվում են լուծումներ, որոնք պետք է օգնեն, որ ավտոբուսներն ավելի արագ և առանց ուշացումների տեղաշարժվեն։

Փոփոխությունների հիմքում երթևեկության ուսումնասիրության տվյալներն են, որոնք ցույց են տալիս՝ խցանումների հետևանքով հանրային տրանսպորտի ուղևորները զգալի ժամանակ են կորցնում։ 

«Փուլային ռեֆորմներով գնալով՝ կա մի կարևոր հարց․ ինչու ենք ավտոբուսին սպասում 20-30 րոպե։ Ժամանակն է խոսել երթևեկության խնդիրներից, մանավանդ, որ կան տվյալներ, որոնց հիման վրա կարող ենք հասկանալ խնդիրը և լուծումներ սկսել տալ»։ 

Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցությանը ներկայացվեց, թե որքանով է ճանապարհային ծանրաբեռնվածությունն ազդում հանրային տրանսպորտի աշխատանքի վրա։ Ըստ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ուսումնասիրության արդյունքները հիմք են՝ քննարկելու առանձնացված գծերի անհրաժեշտությունը։

Ուսումնասիրության համար դիտարկվել է տասը երթուղի՝ յուրաքանչյուրից երկու ավտոբուս։ Մեկ շաբաթ շարունակ տարբեր ժամերի արձանագրվել են երթևեկության ցուցանիշները, ներառյալ՝ վաղ առավոտյան, երբ փողոցները դեռ ծանրաբեռնված չեն, և երեկոյան պիկ ժամերին, երբ երթևեկությունն առավել ինտենսիվ է։ 

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ որոշ դեպքերում տարբերությունը հասնում է 1 ժամ 50 րոպեի։ Այսինքն, խնդիրը միայն ավտոբուսների քանակը չէ. հանրային տրանսպորտը նույն ճանապարհային տարածքը կիսում է մարդատար մեքենաների հետ և խցանումների ժամանակ կորցնում իր արագությունն ու կանխատեսելիությունը․

«Հստակ հանրային տրանսպորտը առաջնային դարձնելու միակ ճանապարհը հանրային տրանսպորտի ուղեգիծը և տրաֆիկն առանձնացնելն է սովորական մարդատար մեքենաների և այլ մնացած մեքենաների տրաֆիկից»։ 

Բայց առանձնացված գիծը միայն ներկված ճանապարհահատված չէ։ Եթե այնտեղ կայանում են մեքենաներ, կամ վարորդները շարունակում են խախտել երթևեկության կանոնները, ավտոբուսի համար նախատեսված առավելությունը վերանում է։ 

Քաղաքապետարանում առանձնացնում են երկու հիմնական գործիք՝ խախտումների համար տուգանքներ և խոչընդոտող մեքենաների տարհանում։ Ընդ որում, երկրորդ շարքում կայանված մեքենան, ըստ փոխքաղաքապետի, ոչ միայն խանգարում է մեկ այլ վարորդի, այլև կարող է ամբողջ փողոցի թողունակությունը նվազեցնել․ 

«Երկրորդ գծում ու չնախատեսված վայրում կայանումներն, օրինակ, երեք երթևեկելի գոտով փողոցը սարքում են երկու երթևեկելի գոտի, որն անբարենպաստ է անդրադառնում անցանելիության վրա և հանգեցնում խցանումների»։ 

Արգելված վայրերում կայանելու համար տուգանքներ արդեն նախատեսված են, սակայն, քաղաքապետարանի գնահատմամբ, միայն գումարային պատիժը բավարար կանխարգելիչ ազդեցություն չի ունենում։ 

Փոխքաղաքապետի խոսքով՝ ՆԳՆ-ն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով որոշ խախտումների դեպքում նախատեսվում է նաև տուգանային միավորների նվազեցում։ Քննարկվում է նաև խոչընդոտող մեքենաների տարհանման մեխանիզմի ավելի լայն կիրառում։ Իսկ վերահսկողության համար նախատեսվում է օգտագործել նաև համայնքային տեսախցիկներն, այդ թվում՝ «Պարկինգ սիթի սերվիս»-ի համակարգը։ 

Գրիգորյանի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ի հետ արդեն աշխատանքային քննարկումներ եղել են, այժմ ճշգրտվում են տուգանքների նշանակման իրավական և տեխնիկական ընթացակարգերը․ 

«Կարծում եմ՝ 1-2 շաբաթում կամփոփենք աշխատանքը: Այս ժամանակն էլ թող օգտագործվի որպես նախնական պատշաճ իրազեկում։ Մենք չենք ուզում քաղաքացիներին տուգանել, ուզում ենք՝ քաղաքացիները չնախատեսված վայրերում չկայանեն»։

Նախատեսվում է նաև «Ակտիվ քաղաքացի» հավելվածի միջոցով քաղաքացիներին հնարավորություն տալ արձանագրել համապատասխան խախտումները։ Սակայն, վերահսկողության ընդլայնմանը զուգահեռ, մնում է մեկ այլ կարևոր հարց՝ որտե՞ղ են կայանելու վարորդները։ 

Փոխքաղաքապետի խոսքով՝ քաղաքի որոշ հատվածներում արդեն առանձնացվում են նոր կայանման վայրեր, իսկ առաջիկայում նախատեսվում է նաև համայնքային ավտոկայանատեղիների կառուցում։ Միաժամանակ, երթևեկության կազմակերպման երկարաժամկետ լուծումների շարքում դիտարկվում են ճանապարհային ցանցի վերանայումն ու թվային երթևեկության կառավարման համակարգի ներդրումը։ 

Առանձին խնդիր են նաև ճանապարհատրանսպորտային պատահարները։ Վթարից հետո մեքենաները երբեմն երկար մնում են երթևեկելի հատվածում՝ խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Գործող կարգավորումների համաձայն՝ վթարից հետո մեքենաները, հնարավորության դեպքում, պետք է ճանապարհից հեռացվեն 15 րոպեի ընթացքում։ Սակայն համայնքի կողմից նման դեպքերում խախտումների արձանագրման և տուգանքների կիրառման մեխանիզմը դեռևս ներդրման փուլում է։

Փոխքաղաքապետի խոսքով՝ համապատասխան ընթացակարգերը կարգավորելուց հետո հնարավոր կլինի սկսել տուգանքների կիրառումը։ Իսկ եթե մեքենաները ճանապարհին երկար ժամանակ մնում են վթարի հետևանքով պատճառված վնասի կամ մեղավորության շուրջ տարաձայնությունների պատճառով, ապա խնդրի լուծման պատասխանատվությունը, նրա գնահատմամբ, պետք է ստանձնեն նաև ապահովագրական ընկերություններն ու ապահովագրական բյուրոն․

«Երկու անձի մասնավոր, գույքային հարաբերությունները պարզելու համար մի ողջ փողոց կանգնում, սպասում է․ մեկը տուն չի հասնում, մեկն՝ աշխատանքի, մեկը՝ ժամանցի վայր»։

Երևանի տրանսպորտային խնդրի լուծումն, այսպիսով, միայն նոր գծեր ներկելը կամ խախտումների համար տուգանքներ սահմանելը չէ։ Այն շատ ավելի խորքային աշխատանք է պահանջում։  

Մինչ այդ, Երևանի քաղաքապետն ասում է՝ բարեփոխումները պետք է մինչև 2030թ. ավարտել.

«Կարծում եմ՝ մինչև 2030թ. պետք է իրավիճակ լինի, երբ հասարակական տրանսպորտում ծախսված ժամանակը պիկ ժամերին նվազած լինի ամենաքիչը 30%-ով»։

Քաղաքապետը վստահեցնում է՝ մինչև 2030 թվականը պայմաններ են ստեղծելու, որ մարդատար մեքենաներից մարդկանց հոսքն ուղղվի դեպի հասարակական տրանսպորտ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

 

Leave a Comment