Կախված է նրանից, թե ԱՄՆ-ն որքան խիստ կճնշի Զելենսկուն․ Բադալյան

Կախված է նրանից, թե ԱՄՆ-ն որքան խիստ կճնշի Զելենսկուն․ Բադալյան

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարը։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Կողմերը կպահպանե՞ն այս պայմանավորվածությունը, և ի՞նչ կարող է այն փոխել հակամարտության ընթացքում։

-Այս պայմանավորվածության կատարման համար, թերևս, էականը հետևյալն է՝ Եվրոպան Ուկրաինային կմղի՞ այդ պայմանավորվածությունները խախտելուն, թե՞ ոչ: Իսկ այստեղ էլ կախված է նրանից, թե արդյոք Միացյալ Նահանգները բավարար չափով կզգաստացնի Զելենսկուն Եվրոպայի այդ ակնկալիքները կամ պահանջները չբավարարելու հարցում, որովհետև խախտողը տվյալ դեպքում կարող է լինել Ուկրաինան: Եվ այստեղ կարծում եմ, որ ամեն ինչ կախված է հենց նշվածս հանգամանքից՝ թե ամերիկացիները որքան ավելի այսպես խիստ կճնշեն Զելենսկուն՝ պայմանավորվածությունները չխախտելու համար: Քանի որ այդ պայմանավորվածությունների խախտումը Ռուսաստանին մեծ հաշվով շահեկան չէ, քանի որ Ռուսաստանը թիրախավորում է շատ այլ ենթակառուցվածքային ուղղություններ, և էներգետիկայի հարցում այդպես մեծ անհրաժեշտություն չունի և կախված չէ։ Իսկ Ուկրաինայի դեպքում Ռուսաստանի համար առավել զգալի են լինում հենց այդ ուղղությամբ հարվածները, և դրա համար եմ նշում, որ Ուկրաինան ավելի մոտիվացված կարող էր լինել այդ հարվածների հարցում:

Բայց եթե ԱՄՆ-ն շատ հստակ դնի իր պահանջը, օրինակ՝ հրաժարվի տրամադրել հետախուզական տեղեկություններ և այլն, ապա կարծում եմ՝ ուկրաինացիները զգալի հավանականությամբ կարող են տեղի տալ: Առհասարակ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի պայմանավորվածությունների էին եկել Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում, ինչքանով են դրանք ամուր, կայուն կամ ինչ մասշտաբի են։

Քանի որ տեսնում ենք՝ կա պայմանավորվածություն, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ ռուսները կաջակցեն Թրամփի համար շատ կարևոր ու զգայուն հարցերից մեկում՝ վառելիքի գները իջեցնելու հարցում, որը ամերիկացի ընտրողների համար անկյունաքարային նշանակություն ունեցող հանգամանքներից մեկն է: Եվ եթե այդտեղ ձեռք են բերել պայմանավորվածություններ, ապա կարծում եմ՝ ամերիկացիներն ունեն բավարար ներուժ Ուկրաինայից այդ պայմանավորվածություններին հետևելու վարքագիծ ստանալու համար: Ոչ մի բան, իհարկե, այդպես բացարձակ երաշխավորված չէ, բայց հաշվի առնելով խաղադրույքը, որը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն են, ամերիկացիներն ամեն դեպքում շատ ավելին կփորձեն ստանալ Ուկրաինայից:

-Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ։ Ինչպե՞ս կարող է էներգետիկ հարցերի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկխոսությունն ազդել Ուկրաինայի շուրջ բանակցությունների վրա։

-Ազդեցությունը հետևյալ տրամաբանությունը պետք է ունենա. ի՞նչ մասշտաբի կշարունակի ավերվել Ուկրաինան, կշարունակվի՞ մեծ ավերածությունների ենթարկվել, թե՞ կհաջողվի դադարեցնել: Սա է հիմա Ուկրաինայի համար խնդիրը: Կարծում եմ՝ ոչ մի այլ տարբերակ չկա, եթե դուրս ենք գալիս ինչ-որ պաթետիկ ձևակերպումներից և այլն:

-Թրամփը այս ամենի ֆոնին, կարելի է ասել, հուշել է՝ Ուկրաինայում նոր նախագահ ունենալու ժամանակն է։ Ի՞նչ նպատակներ կարող են հետապնդել ԱՄՆ-ի այս հայտարարությունները։

-Իմ կարծիքով՝ դա հենց այն ճնշումների համատեքստում է, որ կարող են լինել Կիևի և Զելենսկու ուղղությամբ՝ հենց ամերիկա-ռուսական համաձայնությանը հավատարիմ մնալու առումով:

-Նաև Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ։ Ինչպե՞ս կարող է էներգետիկ հարցերի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկխոսությունն ազդել Ուկրաինայի շուրջ բանակցությունների վրա։

-Ես կարծում եմ՝ առհասարակ այստեղ երկու երկրների ղեկավարների հարաբերություն ասվածն ինքնին շատ-շատ ֆորմալ երևույթ է: Միացյալ Նահանգների և Ուկրաինայի ղեկավարների հարաբերություն պարզապես չի կարող լինել: Այսօր տրամաչափերը և վիճակն այնպիսին են, որ պարզապես այդպիսի հարաբերություն դե ֆակտո, իրական քաղաքական ռեժիմում չի կարող լինել: Եվ հարցը կարող է լինել հետևյալում՝ ընդամենը Միացյալ Նահանգների նախագահն ինչպիսի՞ տրամադրվածություն կունենա Ուկրաինայի նախագահի նկատմամբ:

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment