Իր երեխաներին փրկած Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից – Նորություններ 12.10.2026

Լուսանկարը` tert.am

Լուսանկարը` tert.am

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով ծանր վիրավորված 39-ամյա Անի Ավետիսյանը Երևանի հիվանդանոցից պատմել է հոկտեմբերի 1-ին իր տանը տեղի ունեցած արյունալի միջադեպի մանրամասները:

Կնոջ խոսքով՝ տուն հասնելով նա հայտնաբերել է, որ անծանոթ տղամարդը զենքն ուղղել է իր երեխաների վրա: Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն արձակել է երեք կրակոց: Առաջինը վրիպել է, իսկ երբ զինվորը փորձել է թիրախավորել որդուն, մայրն իր ձեռքով բռնել է ինքնաձիգի փողը: Այդ արարքի հետևանքով նա կորցրել է ձախ ձեռքի բութ մատը, լրջորեն վնասվել են նաև մյուս մատները, իսկ երրորդ կրակոցը դիպել է նրա ոտքին:

Չնայած ծանր վերքերին՝ Անին դանակով հարվածներ է հասցրել հարձակվողին՝ կանխելով իր և երեխաների հնարավոր սպանությունը։ Նա նշել է, որ պայքարի ընթացքում զինվորը ձայն չի հանել, և ինքը նույնիսկ չի գիտակցել, որ նա ադրբեջանցի է։

Տուժածը, ում ևս երեք վիրահատություն է սպասվում, դժգոհել է իրավապահ մարմինների աշխատանքից, քանի որ տեղի բնակչությունը տեղյակ չի եղել սահմանը հատած դիվերսանտի մասին։ «Եթե զգուշացրած լինեին, երեխաներին դպրոց չէի ուղարկի, Շաքիում չէինք մնա»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ադրբեջանական զորամասից ինքնակամ հեռացած և Հայաստանի տարածք ներթափանցած Մուսաևը միջադեպից հետո ձերբակալվել է և այժմ գտնվում է երկամսյա կալանքի տակ:

Leave a Comment