Հոկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ մարզերից մեկում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարզային վարչություն է դիմել այդ մարզի բնակիչ 42-ամյա Տ․ Ա․-ն և հայտնել, որ 2023 թվականի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին իր ծանոթը՝ տվյալ մարզի բնակիչ 57-ամյա Կ․ Մ․-ն,քաղաքի շենքերից մեկի բակից ֆիզիկական բռնություն գործադրելով առևանգել է իրեն, «Lexus» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել քաղաքի շենքերից մեկին կից առանձնատուն, որտեղ, ֆիզիկական բռնություն գործադրելով, ատրճանակի սպառնալիքով և հագուստը պատռելով՝ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է նաև, որ ավելի ուշ՝ ևս 2 անգամ՝ 2024 թվականի գարնանը և 2026 թվականի փետրվարին, Կ․ Մ․-ն, օգտվելով իր՝ տանը մենակ գտնվելու հանգամանքից, իբր նախկինում տեղի ունեցած սեռական հարաբերության տեսաձայնագրությունը հրապարակելու սպառնալիքով և ֆիզիկական բռնություն գործադրելով՝ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը քրեական ոստիկաններին հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ Կ․ Մ․-ն սպառնացել է այդ դեպքում ևս հրապարակել տեսաձայնագրությունը։ Իսկ երբ վերջին շրջանում ամուսնու մոտ վերոգրյալի վերաբերյալ կասկածներ են առաջացել, որոշել է դիմել ոստիկանություն։
Դեպքի փաստով տվյալ մարզային քրեական ոստիկանության վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի տվյալ մարզային քննչական վարչություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: