«Ըմբոստ կինը»․ Շուշանիկ Կուրղինյանի կյանքի անհայտ շերտերն ու արդիականությունը. «Վերնատուն»

Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում բացվել է «Ըմբոստ կինը» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված հայ առաջին ֆեմինիստ, բանաստեղծ և հասարակական գործիչ Շուշանիկ Կուրղինյանի 150-ամյակին։

Ո՞վ է Շուշանիկ Կուրղինյանը, արդյո՞ք նրա պոեզիան ու գաղափարներն այսօր պահպանում են իրենց արդիականությունն ու կենսունակությունը, ի՞նչ է բացահայտում ցուցադրությունը։ Այս և այլ հարցերի մասին են խոսում նախագծի մտահղացման հեղինակ Զարուհի Հովհաննիսյանը և ցուցադրության համադրող Մարինե Հարոյանը։

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ Շուշանիկ Կուրղինյանը եղել է հայ ֆեմինիստական պայքարի ոգին։ 2000-ական թվականների սկզբից, երբ Հայաստանում տարբեր խմբեր բարձրացնում էին մարդու իրավունքների, էկոլոգիայի և այլ ոլորտների խնդիրներ, ֆեմինիստական շարժման հիմնական ներշնչանքը հենց Կուրղինյանն էր։

Քչերին է հայտնի, որ այդ տարիներին պարբերաբար կազմակերպվում էին նրա ստեղծագործությունների ընթերցումներ, իսկ նրա տողերն ու դիմանկարը սթրիթ-արտի տեսքով հայտնվում էին քաղաքի տարբեր անկյուններում։

Մարինե Հարոյանը նշում է, որ ցուցադրությունը կառուցված է երեք հիմնական հարցերի շուրջ՝ փորձելով վերարժևորել, թե ով է Շուշանիկ Կուրղինյանը։ Խորհրդային տարիներին նրան ներկայացնում էին որպես պրոլետարական գրող, իսկ ավելի ուշ՝ ֆեմինիստական տեսանկյունից, նրա արխիվը նույնիսկ մակերեսային հայացքով նայելիս, բազմաթիվ շերտեր են ի հայտ գալիս, որոնք ուսումնասիրության կարիք ունեն։ Ցավոք, նրա գրական ժառանգության ընդամենը 20 տոկոսն է քիչ թե շատ ուսումնասիրված։

Ցուցադրության մեջ ամբողջությամբ տեսանելի է ըմբոստ կնոջ կերպարը՝ մանկությունից մինչև գրական ու հասարակական գործունեություն, անձնական կյանք, սոցիալական անարդարությունների դեմ պայքար ու կանանց իրավունքների պաշտպանություն։ Կուրղինյանն ապրել է 51 տարի և մահացել 1927 թվականին։

Համադրողի համոզմամբ՝ եթե նա ավելի երկար ապրեր, առաջիններից մեկը կլիներ, որ կհայտնվեր ստալինյան բռնաճնշումների թիրախում ու բանտերում։
«Բոլոր այն հարցերն ու խնդիրները, որոնց դեմ պայքարում էր Շուշանիկ Կուրղինյանը, այսօր էլ մեր հասարակության մեջ կան և չեն պակասել, բայց պակասել են ըմբոստ ոգիները։ Առանց այդ ըմբոստ ոգու աշխարհը չի շարժվում», – ընդգծում է Մարինե Հարոյանը։

Leave a Comment