Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստում վավերացրել է Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Հայաստանում անցկացնելու վերաբերյալ համաձայնագիրը։ Համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 18-ից 30-ը։ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը վարել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Համաձայնագրի վավերացմանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 3։
Ընդդիմությունը դեմ է քվեարկել համաձայնագրին։ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները COP17-ի նախապատրաստման գործընթացում պետական միջոցների անթափանցիկ ծախսման ռիսկեր են տեսել՝ մատնանշելով առանց մրցույթի գնումները, կապալառուին տրված խոշոր կանխավճարները և հուշանվերների ուռճացված գները։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն իշխանություններին մեղադրել է պետական միջոցները թալանելու մտադրության մեջ։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը հայտարարել է, որ ընդդիմությունը դեմ չէ COP17-ի կամ Հայաստանում այլ միջազգային միջոցառումների անցկացմանը, սակայն անընդունելի է համարում, որ նման միջոցառումները վերածվեն պետական գումարների անթափանցիկ ծախսման կամ մսխման գործիքի։
Մաթևոսյանը ներկայացրել է COP17-ի գովազդային արշավի ծախսերը։ Նրա տվյալներով՝ Շրջակա միջավայրի նախարարությունը կնքել է երեք պայմանագիր՝ ընդհանուր շուրջ 452 մլն դրամի (մոտ 1,25 մլն դոլար) չափով։ Դրանցից մոտ 54 մլն դրամը (մոտ 150 հազար դոլար) նախատեսված է հեռուստատեսային և լայնամասշտաբ գովազդային արշավի, 208 մլն դրամը (մոտ 575 հազար դոլար)՝ ոչ թվային արտաքին գովազդի, ևս 189 մլն դրամը (մոտ 520 հազար դոլար)՝ թվային արտաքին գովազդի համար։
Պատգամավորի խոսքով՝ նախարարությունը փետրվարի 23-ին բոլոր երեք պայմանագրերը կնքել է նույն կազմակերպության հետ՝ առանց մրցույթի, և մինչև ծառայությունների մատուցումը նրան վճարել է 90% կանխավճար։ Մաթևոսյանի պնդմամբ՝ խոսքը նույն կազմակերպության մասին է, որը պետք է Երևանում կազմակերպեր ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգը։
Կառավարությունը 2023 թվականին համերգի կազմակերպման համար շուրջ 6 մլն դոլար էր հատկացրել։ Համերգն այդպես էլ չկայացավ, և ԿԳՄՍՆ-ն կազմակերպչից պահանջել էր վերադարձնել ռեփերին վճարված շուրջ 1,8 մլն դոլար հոնորարը։
Մաթևոսյանը հայտնել է նաև, որ երեք պայմանագրերից յուրաքանչյուրում նախատեսված է շուրջ 40 աշխատակից՝ նույն աշխատանքային պարտականություններով։ Պատգամավորի կարծիքով՝ աշխատանքները հնարավոր էր իրականացնել մեկ պայմանագրի շրջանակում՝ խուսափելով լրացուցիչ ծախսերից։
Մաթևոսյանը հավելել է, որ նույն կազմակերպության հետ պայմանագրեր են կնքվել նաև կապի, հաղորդակցության և տրանսպորտի հարցերով։ Նա պահանջել է պարզաբանել, թե ինչ չափանիշներով է կապալառուն առանց մրցույթի ստացել պայմանագրերը և ով է համապատասխան որոշումը կայացրել։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը ևս քննադատել է COP17-ի համար իրականացված պետական գնումները։ Նրա խոսքով՝ կառավարությունը բրենդային նվերների համար ծախսել է շուրջ 290 մլն դրամ (մոտ 800 հազար դոլար)՝ գնելով թերմոսներ, էկոպայուսակներ, բեյջի ժապավեններ և կրծքանշաններ։
Մանուկյանի խոսքով՝ պետությունը ձեռք է բերել 16 500 թերմոս՝ յուրաքանչյուրը 7800 դրամով (մոտ 21,5 դոլար), մինչդեռ, իր իրականացրած շուկայի վերլուծության համաձայն, նմանատիպ ապրանքները բրենդային տպագրությամբ կարելի է ձեռք բերել առավելագույնը 4500 դրամով (մոտ 12,5 դոլար)։
Նա մատնանշել է նաև 19 700 բեյջի ժապավենի գնումը՝ յուրաքանչյուրը 1248 դրամով (մոտ 3,5 դոլար), 16 500 էկոպայուսակի գնումը՝ յուրաքանչյուրը 3432 դրամով (մոտ 9,5 դոլար), ինչպես նաև 18 550 կրծքանշանի գնումը՝ յուրաքանչյուրը 2340-ից 2964 դրամով (մոտ 6,5–8 դոլար)։
Պատգամավորի հաշվարկով՝ շուկայական գներով այս գնումների դեպքում հնարավոր կլիներ խնայել շուրջ 85 մլն դրամ (մոտ 235 հազար դոլար)։
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը չի կարողացել ասել COP17-ի անցկացման ընդհանուր արժեքը։ Պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին՝ նա հիշատակել է շուրջ 2,17 մլն դոլարի գումար, սակայն դժվարացել է հստակեցնել ընդհանուր ծախսերը՝ ներառյալ կապալառուին փոխանցված միջոցները։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել է կառավարությանը՝ համաձայնագիրը խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգ բերելու համար։ Նա հիշեցրել է, որ փաստաթուղթը ստորագրվել է դեռևս 2025 թվականին, իսկ փաստաթղթերի փաթեթն ամբողջացվել է 2026 թվականի հուլիսին։ Պատգամավորը փոխնախարարից պահանջել է պատասխանել՝ արդյոք նա գոհ է իր գերատեսչության և կառավարության աշխատանքից։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանել է, որ համաձայնագիրը նախորդ քառօրյա նիստերի օրակարգում չի ներառվել, քանի որ այդ պահին Սահմանադրական դատարանը դեռ չէր քննարկել այն Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից։
Աբիսողոմոնյանը մերժել է ԱԳՄԱՆ-ի կողմից գործընթացը ձգձգելու մասին մեղադրանքները։ Նրա խոսքով՝ համաժողովի քարտուղարության հետ հավելվածների և կազմակերպչական մանրամասների համաձայնեցումը երկարատև գործընթաց է և խոշորամասշտաբ միջազգային միջոցառումների նախապատրաստման դեպքում ընդունված պրակտիկա։
