«Շաքիի դեպքից հետո պանիկա կա»․ ընդդիմությունն առաջարկում է ստեղծել քննիչ հանձնաժողով – Նորություններ 12.10.2026

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում թեժ քննարկում է ծավալվել Շաքիում և Սյունիքում գրանցված անվտանգային միջադեպերի շուրջ։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը իշխանություններից պահանջել է ապահովել թափանցիկ վերահսկողություն կամ ստեղծել հատուկ քննիչ հանձնաժողով։

Հոկտեմբերի 12-ին գումարված նիստի ժամանակ դիմելով հանձնաժողովի նախագահ Վիլեն Գարբերալյանին՝ Կարապետյանն ընդգծել է հասարակության շրջանում աճող մտահոգություններն ու խուճապային տրամադրությունները։

«Մարդկանց մոտ պանիկա, մտավախություն կա Շաքիի դեպքից հետո… Տեսեք 15 օրվա ընթացքում մենք երկրորդ անգամ լսեցինք… տարօրինակ անձանց Մեղրիի տարածաշրջանում գտնվելու մասին»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը՝ պահանջելով հրատապ բացահայտել պատասխանատուներին և հասկանալ համակարգային խնդիրները՝ արդյո՞ք նոր ֆինանսավորման կամ տեսահսկման սարքերի կարիք կա։

Նա զգուշացրել է, որ եթե պաշտպանության հանձնաժողովը չարձագանքի և քվեարկությամբ մերժի առաջարկը, իրենք կնախաձեռնեն նոր քննիչ հանձնաժողովի ձևավորում։

Ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրելյանը նշել է, որ հանձնաժողովն իրականացնում է իր բնականոն աշխատանքն ու չի տեսնում համակարգային խնդիր կամ մեկ միջադեպի համար առանձին քննիչ հանձնաժողով ստեղծելու տրամաբանություն։

«Ես չեմ տեսնում որևիցե անարդյունավետ աշխատանք մասնավորապես այս դեպքի պարագայում»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք ևս ունեն բազմաթիվ հարցադրումներ և պատրաստվում են առաջիկայում համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին հրավիրել ԱԺ՝ փակ քննարկումների համար։

2026 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:15-ին, Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի սահմանն աապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը մտել է բնակիչներից մեկի տուն և կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին:

 

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է, դեպքի առթիվ իրականացվում է քննություն:

Հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա քրեական միջադեպ է, տվյալ անձը դիվերսանտ չի եղել, և գործը պետք է քննվի, որպեսզի պատժի կրման առնվազն մի մասը տեղի ունենա Հայաստանում:

Ուժային կառույցները պարզում են, թե կոնկրետ ինչպես է ադրբեջանցի զինվորը հատել սահմանը և հայտնվել բնակավայրում:

Leave a Comment