ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հոկտեմբերի 7-ին Արծվիկ Գրիգորյանին ազատել է Զինված ուժերի Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
Գրիգորյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2025 թվականի հոկտեմբերին։
Հատուկ բանակային կորպուսը ծառայություն է իրականացնում Սյունիքի մարզում։ 2026 թվականի հուլիսից կորպուսը ղեկավարում է գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը։
Գրիգորյանի պաշտոնանկությունը հաջորդել է Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կողմից բնակավայրի ընտանիքի վրա հարձակման դեպքին։
Հոկտեմբերի 5-ին Փաշինյանը պաշտոնից ազատել էր նաև Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանին։ Նրա պաշտոնանկության պատճառը նույնպես չէր նշվել։
Սանամյանը ղեկավարել էր ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտը և համակարգել Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբը։
Գրիգորյանի և Սանամյանի պաշտոնանկությունների կապը Շաքիում տեղի ունեցածի հետ պաշտոնապես չի հաստատվել։
Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին մուտք էր գործել Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը և հարձակվել ընտանիքի վրա։ Հարազատները պատմել էին, որ ընտանիքի մայրը՝ Անի Ավետիսյանը, երեխաներին պաշտպանելիս ձեռքով փակել էր ադրբեջանցու հրազենը, որի ժամանակ էլ կրակոցից կորցրել էր ձախ ձեռքի 3 մատը։
Նա վիրավորվել էր նաև ոտքից, Ավետիսյանի որդին դաստակի վնասվածք էր ստացել և վիրահատվել էր։ Դատարանը հոկտեմբերի 2-ին Մուսաևին կալանավորել էր երկու ամսով։ Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին Ավետիսյանի վիրահատության մասին։
Կարդացեք նաև՝
Ադրբեջանցի զինծառայողից տուժած կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել․ ԶԼՄ
