Արցախահայերն անօթևան են դարձել ՀՀ իշխանության շնորհիվ, և իշխանությունը պարտավոր է լուծել նրանց խնդիրները. Ղահրամանյան

Մենք մեր հայրենակիցների կողքին ենք՝ առավել ևս այն հայրենակիցների, որոնք աջակցության կարիք ունեն։ Սամվել Կարապետյանն ազգային բարերար է, որը 30 տարի շարունակ իր աջակցությունն է բերել Հայաստանին և հայ ժողովրդին։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սամվել Կարապետյանը, խոստման համաձայն, օգնել է ադրբեջանցի զինծառակյողի կողմից վիրավորում ստացած սյեւնեցի կնոջը։

«Այնպես որ, եթե նա դա ասել է՝ վստահ եղեք, որ կիրականացնի»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով իրենց դիմած արցախահայերի սոցիալ-տնտեսական և հատկապես բնակարանային խնդիրներին՝ Մարիաննա Ղահրամանյանը նկատեց՝ բնակապահովման հարցը բռնի տեղահանված մեր հայրենակիցների ամենաառաջնային խնդիրներից մեկն է։

«Այդ մարդիկ անօթևան են դարձել այս իշխանության վարած քաղաքականության շնորհիվ, և իշխանությունները պարտավորեն լուծել նրանց խնդիրները։ Ռեալ չէ ակնկալել, որ տրամադրվող չնչին գումարներով մարդիկ կարող են խնդիրներ լուծել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ինչ վերաբերում է COP17-ի գագաթանժողովին, Մարիաննա Ղահրամանյանը շեշտեց՝ իրենց քաղաքական ուժը խնդիր ունի միջոցառման բյուջեի արդյունավետ ծախսի և միջոցների մսխման առնչությամբ։
«Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կոռուպցիան հո պոզով-պոչո՞վ չի լինում։ Այս պայմանագրերի ուսումնասիրությունն այդ հարցն օդում կախված են թողնում»,- նշեց խորհրդարանականը։

Leave a Comment