Սեպտեմբերի 23-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարից 18 օր անց՝ հոկտեմբերի 11-ի առավոտյան, հիվանդանոցում մահացել է ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ-ում՝ Աշտարակի նախկին «Գայի պոստի» մոտ, բախվել էին 40-ամյա Ռուստամ Թ․-ի վարած Jeep և 73-ամյա Մալխասյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով երկու վարորդները և նրանցից մեկի 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Մալխասյանը մասնակցել է Արցախյան պատերազմին։ Նա «Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավարներից էր, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության նախկին անդամ, ինչպես նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ։ 2006 թվականին նա ձերբակալվել և դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման՝ իշխանությունը բռնությամբ տապալելու կոչեր անելու մեղադրանքով։ 2008 թվականի դեկտեմբերին ազատ էր արձակվել։
