Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսի հայտարարությանը, թե Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը գոյություն ունի «միայն թղթի վրա»։
«Մարթա Կոսը կարող է որքան ցանկանա օգտագործել այդ կեղծ արտահայտությունը, բայց պատասխանը մեկն է՝ ավելի լավ է թղթի վրա թեկնածու լինել, քան թղթի վրա պետություն։ Եթե մենք ենթարկվեինք Մարթա Կոսի և Բրյուսելի մյուս չինովնիկների հորդորներին ու գնայինք էսկալացիայի, այսօր Ուկրաինայի և Մոլդովայի վիճակում կլինեինք»,– հայտարարել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանը հավատարիմ է քրիստոնեական արժեքներին։ Պապուաշվիլին նշել է, որ եթե Կոսը դրանց հետ կապված խնդիրներ ունի, ապա պետք է հստակ ասի՝ հատկապես որ արժեքների մասին է խոսքը։
