Որտե՞ղ են ուղղվել միջազգային գործընկերներից ստացված գումարները, արդյո՞ք դրանք ուղղվել են նաև բնակարանաշինության ծրագրերի իրականացմանը։ Որքա՞ն գումար է ստացվել և ինչպե՞ս է այն իրացվել։Այս մասին ԱԺ ամբիոնից հարց է ուղղել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականին Ազգային ժողովը վավերացրել է վարկային համաձայնագիր, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 250 միլիոն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով։ Սակայն, ըստ պատգամավորի, մեկ տարի չանցած՝ կառավարությունը կրկին 250 միլիոն դոլարի վարկ ներգրավելու անհրաժեշտություն է առաջացնում։
«Այս մի տարվա ընթացքում այդ գումարը սպառվե՞լ է, ծրագիրը պատշաճ կերպո՞վ է իրականացվել, որ մենք հիմա նորից 250 միլիոն դոլարի վարկ ենք ուզում ձևակերպել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն արդեն իսկ նախորդ տարի 250 միլիոն դոլարի բեռ են վերցրել իրենց ուսերին։ Ես վստահ եմ, որ այդ 250 միլիոնը չի գնացել այդ 5000 ընտանիքների բնակարանների ձեռքբերման համար, որովհետև 250 միլիոնը շատ ավելի մեծ գումար է։ Հիմա ի՞նչ անհրաժեշտություն կար ևս 250 միլիոնի վարկ ձևակերպելու»,- նշել է Գրիգորյանը։