Ծառուկյանի փաստաբանը հրապարակել է իրանցի գործարարների հետ նրա զրույցի տեսանյութը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հրապարակել է իր պաշտպանյալի և խարդախության գործով տուժող ճանաչված Իրանի քաղաքացիների զրույցի տեսանյութից մի հատված։

Սարգսյանի խոսքով՝ տեսանյութն ապացուցում է, որ համատեղ բիզնեսում 14,5 մլն դոլար ներդրել է Ծառուկյանը, որը, ըստ փաստաբանի, հափշտակել են իրանցի գործընկերները, մինչդեռ իրավապահները Ծառուկյանին մեղադրյալ են ճանաչել, իսկ Իրանի քաղաքացիներին՝ տուժողներ։

Սարգսյանի փոխանցմամբ՝ պաշտոնական մեղադրանքով՝ Ծառուկյանն ի սկզբանե նպատակ չի ունեցել համատեղ բիզնես վարել Իրանի քաղաքացիներ Արման, Հաջիալի և Էրֆան Օլամայիների հետ, այլ ցանկացել է խարդախությամբ գումար հափշտակել նրանցից և, ըստ մեղադրանքի, հափշտակել է 21 մլն դոլար։

Փաստաբանը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ իրականում համատեղ բիզնեսի ամբողջ ֆինանսավորումն ապահովել է Ծառուկյանը, իսկ իրանցի գործընկերները որևէ գումար չեն ներդրել։

Սարգսյանի ներկայացմամբ՝ Արման Օլամային Ծառուկյանին ներկայացել է որպես Իրանի պետական ներկայացուցիչ և հայտնել, որ ունի տարբեր ապրանքներ Հայաստան ներմուծելու բացառիկ լիցենզիաներ։ Կողմերը պայմանավորվել են, որ Ծառուկյանը կապահովի ֆինանսավորումը, իսկ Օլամային կզբաղվի ապրանքների մատակարարմամբ և բիզնեսի կառավարմամբ։

Այդ նպատակով հիմնադրվել է «Իրան-Հայաստան առևտրի զարգացման» ընկերությունը, որի բաժնեմասերի 50%-ը պատկանել է Ծառուկյանի «Մուլտի Գրուպին», մյուս 50%-ը՝ Օլամայիների «Փարս Հելալ» ընկերությանը։ Ստեղծվել են նաև այլ ընկերություններ, որոնցում Ծառուկյանն ու Արման Օլամային ունեցել են հավասար բաժնեմասեր։ Ընկերությունների ղեկավար է նշանակվել Օլամայիների վստահելի անձ Համլետ Թումանյանը։

Հրապարակված տեսանյութում Ծառուկյանը թարգմանչի ներկայությամբ զրուցում է Հաջիալի և Էրֆան Օլամայիների հետ։ Փաստաբանի խոսքով՝ նա պատմում է, որ վստահել է իրանցի գործընկերներին, քանի որ նրանք ներկայացել են որպես Իրանի պետական ներկայացուցիչներ, իսկ Իրան կատարած այցի ընթացքում իր համար հանդիպումներ են կազմակերպել նաև պաշտոնյաների հետ։

Զրույցի ընթացքում Ծառուկյանը պնդում է, որ բիզնեսում ներդրել է ընդհանուր 14,5 մլն դոլար՝ 7 մլն դոլար բանկային վարկ և 7,5 մլն դոլար սեփական միջոցներ։ Նրա խոսքով՝ Արման Օլամային որևէ գումար չի ներդրել, սակայն ստացել է համատեղ ընկերություններից մեկի 50% բաժնեմասը։

Տեսանյութում Ծառուկյանը նաև հայտնում է, որ գումարներ է տրամադրել ցեմենտի և յուղի գործարանների կառուցման ու այլ ծրագրերի համար, սակայն դրանք չեն իրականացվել։ Նրա պնդմամբ՝ իրանցի գործընկերները թույլ չեն տվել, որ ինքը վստահելի ներկայացուցիչ նշանակի՝ ապրանքների և գումարների շարժը վերահսկելու համար։

Տեսանյութում Ծառուկյանը պատմում է նաև, որ 2024 թվականի հունվարին իրեն ներկայացված հաշվետվության համաձայն՝ համատեղ բիզնեսի արդյունքում ստացվել է 23 մլն դոլար։ Ըստ նրա՝ այդ գումարից 14,5 միլիոնը կազմել է իր ներդրումը, իսկ մնացած 8,5 միլիոնը պետք է հավասար բաժանվեր իր և Արման Օլամայիի միջև։

Ծառուկյանի խոսքով՝ վերջինս խոստացել է վերադարձնել գումարները և վճարումների ժամանակացույց ներկայացրել, սակայն պարտավորությունները չի կատարել։ Նա նաև պնդում է, որ Արման, Հաջիալի և Էրֆան Օլամայիները ստորագրել են գումարների վերադարձը երաշխավորող փաստաթուղթ։

Փաստաբանը հատկապես կարևորել է տեսանյութի այն հատվածը, որտեղ Հաջիալի Օլամային, ըստ Սարգսյանի, ընդունում է, որ Ծառուկյանը կատարել է համատեղ բիզնեսի համար անհրաժեշտ աշխատանքները, իսկ գործարարի ներդրած գումարներն իրենց մոտ են։ Սարգսյանի փոխանցմամբ՝ Օլամային խոստացել է անել հնարավորը, որպեսզի Ծառուկյանը ֆինանսական վնաս չկրի։

«Ինչպե՞ս կարող են Իրանի քաղաքացիները տուժող լինել և ինչպե՞ս կարող է Ծառուկյանը նրանցից 21 մլն դոլար հափշտակած լինել, եթե նրանք ևս այդ խոսակցության ժամանակ ընդունում են, որ Ծառուկյանի 14,5 մլն դոլար գումարն է իրենց մոտ ի պահ»,- հարցադրել է Սարգսյանը։

Փաստաբանը հայտարարել է, որ պաշտպանության կողմն ունի նաև Օլամայիների ստորագրած պարտավորագրերն ու երաշխավորագրերը, որոնք, իր գնահատմամբ, հաստատում են Ծառուկյանի ներկայացրած հանգամանքները։

Սարգսյանը պնդել է, որ իրավապահները Ծառուկյանին անհիմն մեղադրյալ են դարձրել, իսկ իրանցի գործընկերներին՝ տուժողներ։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում իրավապահները ձգտում են, որ դատարանը Ծառուկյանից ևս 21 մլն դոլար բռնագանձի հօգուտ Իրանի քաղաքացիների։

Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներից մեկով, ըստ Քննչական կոմիտեի, նրա կազմակերպմամբ գործող ենթադրյալ հանցավոր խմբի անդամներն Իրանի գործարարների հետ առևտրային համագործակցության անվան տակ ստեղծել են համատեղ ընկերություններ, որոնց միջոցով Իրանից Հայաստան են ներմուծել և խարդախությամբ հափշտակել շուրջ 8,1 մլրդ դրամի (մոտ 21 մլն դոլար) տրանսպորտային միջոցներ, տեխնիկա, վառելիք և այլ ապրանքներ։ Ծառուկյանը հերքել է մեղադրանքը, իսկ նրա պաշտպանները նախկինուն նույնպես պնդել են, որ իրականում գործարքից տուժել է հենց Ծառուկյանը։

Leave a Comment