Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան համատեղ հայտարարությամբ դատապարտել են Եմենի հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի տարածքի վրա և պահանջել անհապաղ դադարեցնել հարվածները, հայտնում է Reuters-ը։
Այս երկրները քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներն անվանել են «վտանգավոր էսկալացիա», որը չի կարող արդարացվել որևէ հանգամանքով։
Հայտարարության մեջ երկրները վերահաստատել են իրենց համերաշխությունը Էր Ռիադի հետ և աջակցությունը Սաուդյան Արաբիայի անվտանգությունը պաշտպանելուն ուղղված օրինական միջոցառումներին։ Նրանք հարձակումների հետևանքների պատասխանատվությունը դրել են հութիների վրա և պահանջել անհապաղ ու անվերապահորեն դադարեցնել դրանք։
Հայտարարությունը հաջորդել է Էր Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա երկու հարձակումներին։
Հոկտեմբերի 10-ի հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքացիներ։ Եվս 309 մարդ վիրավորվել է։
Հոկտեմբերի 11-ին օդանավակայանը կրկին հարձակման է ենթարկվել։ Արկն ընկել է չորրորդ տերմինալի վրա՝ հրդեհի պատճառ դառնալով։ Զոհվել է Պակիստանի մեկ քաղաքացի, ևս 11 մարդ վիրավորվել է։ Օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, հաղորդում է Reuters-ը։
Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը հայտնել են նաև Էր Ռիադի օդանավակայանի շրջանում թևավոր հրթիռի, երկրի արևելքում անօդաչու թռչող սարքի և Խամիս Մուշայթ քաղաքի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռի որսման մասին։
Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիան ստանձնել է շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը և հայտարարել Դամամի միջազգային օդանավակայանին ու Saudi Aramco նավթային ընկերության երկու օբյեկտի հասցված հարվածների մասին։
Սաուդյան Արաբիայի ավիացիոն իշխանությունները հաստատել են Դամամի օդանավակայանի վրա հարձակումը, որտեղ սկսվել է վնասների գնահատումը։ Aramco-ի օբյեկտներին հասցված հարվածների մասին տեղեկություններն անկախ աղբյուրներով չեն հաստատվել։
Լարվածության սրման ֆոնին Թուրքիան և Պակիստանը պայմանավորվել են ակտիվացնել պաշտպանական համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ՝ օգոստոսին ստորագրված հավաքական պաշտպանության համաձայնագրի շրջանակում։
Միաժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բացառել է թուրքական զորքերի ուղարկումը և Անկարայի մասնակցությունը հարձակողական գործողություններին։
Հութիները սպառնացել են շարունակել հարձակումները, եթե Սաուդյան Արաբիան չդադարեցնի ռազմական գործողությունները Եմենում։
Լարվածության սրման պայմաններում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել սաուդցի գործընկերոջ հետ և հայտնել Թեհրանի պատրաստակամությունը՝ աջակցելու Էր Ռիադի և եմենական կողմի միջև երկխոսությանը։
Հոկտեմբերի 8-ին հութիները հայտարարել էին Էր Ռիադի օդանավակայանին հրթիռային հարված հասցնելու մասին՝ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարական ուժերի հարձակման ֆոնին։ Հոկտեմբերի 10-ին նրանք հարձակում էին գործել օդանակայանի վրա։
Դրանից մեկ օր առաջ հայտնի էր դարձել, որ Թուրքիան սկսել է Սաուդյան Արաբիային պաշտպանական սարքավորումներ մատակարարել և հետախուզական տեղեկություններ տրամադրել։
