Թուրքիայի և Ադրբեջանի «եղբայրական» հարաբերությունների անխռով մակերևույթին վերջին ամիսներին կնճիռներ են նշմարվում։
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ում՝ Նեթանյահուի ելույթի ժամանակ, Թուրքիայի պատվիրակությունը լքեց դահլիճը, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը մնաց՝ հարուցելով թուրքական մամուլի քննադատությունը։ Դրան գումարվեցին ադրբեջանական դպրոցներում հիջաբի սահմանափակումները։
Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ում Էրդողանը, առանց երկիր անվանելու, քննադատեց գլխաշորի արգելքները, իսկ հոկտեմբերի 3-ին Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առջև բողոքի ցույց անցկացվեց։ Դեռ սեպտեմբերի 26-ին Ադրբեջանի խորհրդարանական հանձնաժողովը Թուրքիայից հնչող քննադատությունը որակել էր կազմակերպված հակաադրբեջանական արշավ, իսկ հեռարձակման խորհուրդը չէր բացառել դրա կազմակերպիչների մուտքի արգելքը։
Լարվածությունն ավելի ընդգծեց իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում Ալիևի՝ հոկտեմբերի 2-ի ելույթը։ Նա հայտարարեց, որ ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանը հաղթել է առանց արտաքին հովանավորների, զենքը գնել է առանց զեղչի, երբեմն՝ շուկայականից թանկ, և չի հանդուրժի արտաքին միջամտություն։ Թուրքիան չհիշատակվեց, սակայն ակնարկը կարող էր ուղղված լինել Անկարային։ Էրդողանն առնվազն երեք անգամ ընդգծել է Թուրքիայի գործուն աջակցությունն ադրբեջանական հաղթանակին՝ 2020-ի դեկտեմբերին հիշատակելով նաև թուրք նախարարների ու հետախուզության ղեկավարի ներգրավվածությունը։
Ալիևի հնարավոր ուղերձը պարզ է՝ դաշնակցությունը քաղաքական ենթակայություն չէ։
Բայց ինչո՞ւ է Բաքուն այժմ այդքան բացահայտ ընդգծում իր ինքնուրույնությունը հենց Անկարայի նկատմամբ։
Բաքվի նոր խաղը․ դաշնակցությունից դեպի ազդեցության վերաբաշխում
2020-23թթ․ ռազմական արդյունքներն ու Հվ․ Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխությունը մեծացրել են Բաքվի հավակնությունները։ ԼՂ-ից ռուս խաղաղապահների հեռացմամբ Ադրբեջանը վերացրել է Մոսկվայի անմիջական ռազմական ներկայությունն այդ տարածքում։ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելուց հետո Բաքուն, ըստ ամենայնի, փորձում է վերանայել նաև Թուրքիայի հետ հարաբերություններում իր քաղաքական կշիռը։
Խոսքը դաշինքը խզելու մասին չէ․ 2021թ․ Շուշիի հռչակագիրը շարունակում է ամրագրել ռազմավարական գործընկերությունը։ Միաժամանակ, Բաքուն խորացնում է Թուրքիայի և Պակիստանի հետ եռակողմ համագործակցությունը՝ պահպանելով Իսրայելի հետ առանձնահատուկ ռազմատեխնիկական կապերը։ Հենց վերջիններս էլ փորձության են ենթարկում թուրք-ադրբեջանական «եղբայրությունը»։
Անկարան Իսրայելին դիտում է որպես տարածաշրջանային լուրջ մրցակից, մինչդեռ Բաքուն ցույց է տալիս, որ հանուն Թուրքիայի շահերի՝ մտադիր չէ զոհաբերել այդ գործընկերությունը։ Իսրայելի հետ հարաբերություններում ինքնուրույնության այս դրսևորումը թուրքական փորձագիտական և մեդիա-միջավայրերում արդեն արժանանում է կոշտ, երբեմն նույնիսկ՝ «դավաճանական» ու «թշնամական» որակումների։
Պատահական չէ, որ թուրքական ASAL-ի 2026թ․ օգոստոսյան հարցմամբ Ադրբեջանը թշնամական պետություն համարողների մասնաբաժինը փետրվարի համեմատ աճել է 20,5%-ից 24,9%-ի, իսկ բարեկամ համարողներինը նվազել՝ 66%-ից հասնելով 56,5%-ի։ Թուրքիա–Իսրայել լարվածության խորացումը կարող է ավելի սահմանափակել նրանց միջև Բաքվի մանևրելու հնարավորությունը, ինչից Ադրբեջանը, թերևս, փորձում է նախապես ապահովագրվել։
Բաքվի ինքնավստահությունն ամրապնդում են նաև Վաշինգտոնի հետ ուղիղ կապերը։ 2025թ․ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթերով առաջ մղվեց Նախիջևանի հետ հաղորդակցության TRIPP նախագիծը, իսկ 2026թ․ փետրվարին ԱՄՆ-ն ու Ադրբեջանը ստորագրեցին բազմոլորտ ռազմավարական գործընկերության խարտիա։ Սա Բաքվին հնարավորություն է տալիս ոչ միայն հակակշռել Մոսկվային, այլև հարաբերականորեն նվազեցնել կախվածությունն Անկարայից։
Հնարավոր է՝ Ադրբեջանը փորձում է վերադասավորել դաշինքի ներսում ուժերի հարաբերակցությունը՝ Թուրքիային մղելով գործնականում ճանաչելու իր ինքնուրույնությունն ու տարածաշրջանային առաջնորդության հավակնությունները։ Եվ հենց այստեղ է, որ Հայաստանը կարող է դառնալ կարևոր գործոն։
Հայկական խաղաքարտ․ Անկարան կփորձի՞ սահմանափակել Բաքվի վետոն
Տասնամյակներ շարունակ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել է Բաքվի շահերով․ նախ, ղարաբաղյան հակամարտության, ապա՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում աջակցելով Ադրբեջանի պահանջներին։ Այդպիսով, Բաքուն փաստացի ազդեցության լծակ է ստացել Թուրքիայի հայաստանյան քաղաքականության նկատմամբ։
Եթե Իսրայելի և ԱՄՆ-ի հետ գործընկերությունը Բաքվին օգնում է նվազեցնել կախվածությունն Անկարայից, ապա վերջինս էլ կարող է Հայաստանի հետ ինքնուրույն քայլերով վերանայել Բաքվի հետ պարտադիր համաձայնեցման տրամաբանությունը՝ բացելով սահմանը, վերականգնելով երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցությունը, հաստատելով դիվանագիտական հարաբերություններ և փոխկապակցելով էներգետիկ համակարգերը։ Գուցե պատահական չէ, որ նախարարական շփումներին հաջորդել է թուրքական պատվիրակության այցը Երևան՝ Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերագործարկման և էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի քննարկմամբ։
Նման քայլերը կարող են նաև Բաքվին ուղղված ազդակ լինել՝ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության նկատմամբ Ադրբեջանի վետոյի իրավունք չի ենթադրում։
Սակայն այս ամենում շրջադարձ տեսնելը վաղաժամ է․ թուրք-ադրբեջանական ռազմավարական դաշինքի վերանայման իրական նախադրյալներ առայժմ չկան։ Ավելի շուտ գործ ունենք դաշինքի ներսում ազդեցության վերաբաշխման և հարաբերությունների հետագա ուղղությունը որոշելու մարտավարական պայքարի հետ։ Բաքվի աճող հավակնությունները կարող են Անկարային մղել տարանջատել սեփական շահերն ադրբեջանական պահանջներից՝ Հայաստանի համար բացելով նոր հնարավորություն, բայց ոչ՝ երաշխիք։ Որոշիչը լինելու են ոչ թե հայտարարությունները, այլ հայ-թուրքական կարգավորման գործնական քայլերն ու դրանց նկատմամբ Բաքվի արձագանքը։
Գոռ Աբրահամյան
