Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին ապօրինի հատել էր Հայաստանի սահմանը, ներխուժել Շաքի գյուղի տներից մեկը և երեխաների ներկայությամբ կրակել նրանց մոր՝ Անի Ավետիսյանի վրա։ Երեխաներին պաշտպանելու ընթացքում կինը կորցրել էր ձեռքի երեք մատը, կարճացրել են ոտքը։ Վիրահատվել էր նաև որդին։ Դատարանը Մուսաևին երկու ամսով կալանավորել էր։
Ադրբեջանը զինծառայողի անհետացման մասին Հայաստանին տեղեկացրել էր Շաքիում տեղի ունեցածից օր առաջ։ Հայաստանի իավասու մարմինները բնակիչներին այդ մասին չէին զգուշացրել։ Ադրբեջանցի զինծառայողի մասին տեղեկությունը հանրությանը հայտնի էր դարձել միայն Շաքիում հարձակումից հետո։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա բացատրել էր նրանով, որ ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանում գտնվելու մասին հաստատված տեղեկություն չկար, իսկ այդ մասին հրապարակումը կարող էր խուճապ առաջացնել։
Ազգային ժողովում նա դեպքն անվանել էր «սովորական կրիմինալ իրավիճակ» և ասել, որ եթե կինն սպասեր ոստիկանությանը, «բացարձակապես ոչինչ» տեղի չէր ունենա։ Նրա խոսքով՝ դատավճռից հետո զինծառայողը պատժի առնվազն մի մասը պետք է կրի Հայաստանում։
Ընդդիմությունը պահանջում է Մուսաևին դատել Հայաստանում և չհանձնել Բաքվին, կան նաև նրան հայ գերիների հետ փոխանակելու պահանջներ։ Իշխող խմբակցության պատգամավորը չի բացառել, որ դատավճռից հետո նրան կարող են փոխանակել։
Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս պետք է իշխանությունները վարվեն ադրբեջանցի զինծառայողի հետ և ո՞վ պետք է պատասխանատվություն կրի նրա՝ գյուղ հասնելու համար։
Հարցվածների մի մասը կարծում է, որ Մուսաևը պետք է դատվի Հայաստանում և այստեղ էլ կրի պատիժը։ Նրանք իրենց դիրքորոշումը հիմնավորում են նրանով, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է ՀՀ սահմանը և, ըստ քննության, հանցագործություն կատարել Հայաստանի տարածքում։
«Կարծում եմ՝ պետք է դատեն Հայաստանում ու իր պատիժը կրի Հայաստանի Հանրապետությունում և օրենքին համապատասխան»,- ասել է հարցվածներից մեկը։
Մյուսները շեշտել են, որ Մուսաևի գործողությունները վտանգել են մարդկանց կյանքը, հետևաբար՝ նրան Ադրբեջանին հանձնելու մասին խոսք լինել չի կարող։
«Կատարել է խախտում, այսինքն՝ մարդկանց կյանքին վտանգ է սպառնացել, հետևաբար չէ, հանձնելու մասին խոսք չի կարող լինել, հանցագործ է»,- ասել է մեկ այլ մասնակից։
Մեկ այլ քաղաքացի էլ հիշեցրել է, որ Ադրբեջանն իր տարածքում սահմանը հատած հայերին պատասխանատվության է ենթարկում։
«Որովհետև մեր սահմանն անցնում են, իրենք են պատժում»,- ասել է նա։
Հարցման մասնակիցներից ոմանք կողմ են Մուսաևին Ադրբեջանում պահվող հայերի հետ փոխանակելուն։ Նրանցից ոմանց կարծիքով՝ ավելի կարևոր է նրա դիմաց հայ գերիների վերադարձը, քան այն, թե որքան ժամանակ կանցկացնի հայկական բանտում։
«Բաքուն շատ բան կարող է պահանջել, այստեղ արդեն մնում է մեր իշխանությունների վճռականությունը, կամքը։ Հիմա, ասենք, եթե դատապարտվի 10 տարվա ազատազրկման, մեզ համար էական չի՝ ինքը Հայաստանո՞ւմ կկրի իր պատիժը, թե՞ ոչ։ Ավելի լավ է՝ մի կոնկրետ բան որոշվի, ինչ-որ մեկի հետ փոխանակվի մեր գերիներից»,- ասել է հարցվածներից մեկը։
Փոխանակման կողմնակիցներից մեկն էլ կարծում է, որ նախ Մուսաևը պետք է դատվի Հայաստանում, իսկ հետագա քայլերը հնարավոր կլինի քննարկել դատավճռից հետո։
«Այո՛, անպայման պետք է դատվի Հայաստանում, քանի որ այդ ադրբեջանցին ՀՀ տարաքում կատարել է ծանր հանցագործություն։ Դատարանի վճռից հետո թե ի՞նչ կկատարվի, դժվար է ասել, միգուցե կարող է փոխանակում լինել»,- ասել է նա։
Փոխանակմանը կողմ հարցվածների կարծիքները բաժանվել են նաև այն հարցում, թե արդյոք Բաքուն կհամաձայնի՞ նման տարբերակին։ Մասնակիցներից մեկը կարծում է, որ կհամաձայնի, քանի որ «առաջին անգամը չէ», մյուսը պատասխանել է, որ հնարավոր չէ գնահատել այդ համաձայնության հավանականությունը։
Ոմանք որոշումը թողնում են իշխանություններին
Առանձին հարցվածներ չեն ընտրել առաջարկված տարբերակներից որևէ մեկը և ասել են, որ Մուսաևի հետագա ճակատագիրը պետք է որոշեն իշխանությունները կամ համապատասխան մարմինները։
«Ոնց կորոշեն վերևում, արդեն իրենք կիմանան»,- ասել է հարցվածներից մեկը։
Կային նաև քաղաքացիներ, որոնք չեն ցանկացել հստակ դիրքորոշում հայտնել Մուսաևի հետագա ճակատագրի վերաբերյալ։
Ո՞վ է պատասխանատու ներթափանցման համար
Հարցվածների մեծ մասը, որոնք պատասխանել են Մուսաևի՝ սահմանը հատելու և գյուղ հասնելու պատասխանատվության մասին հարցին, մատնանշել են Հայաստանի պետական կառույցներին՝ կառավարություն, Պաշտպանության նախարարություն, ԱԱԾ, սահմանապահներ կամ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։
«Միանշանակ՝ կառավարությունը, պետությունը ու Պաշտպանության նախարարությունը»,- ասել է հարցվածներից մեկը։
Մեկ այլ մասնակից ընդգծել է, որ պատասխանատվությունը պետք է կրեն ոչ թե շարքային սահմանապահները, այլ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող անձինք։
«Բնականաբար, սահմանապահների մասին չէ խոսքը, մեծերի՝ ավելի բարձր պաշտոնյաների մասին է»,- ասել է նա։
Հարցվածներից մեկն էլ անդրադարձել է դեպքից հետո պաշտոնանկությունների մասին տեղեկություններին և կարծիք հայտնել, որ կադրային փոփոխությունները կարող են շարունակվել։
«Չեմ կարծում, որ սրանով կսահմանափակվի, բնական է՝ կլինեն նոր պաշտոնանկություններ»,- ասել է նա։
Քաղաքի բնակիչն իրեն ապահով չի զգում
Հարցվածներից գրեթե բոլորը, որոնք պատասխանել են սահմանամերձ բնակավայրերում անվտանգության մասին հարցին, ասել են, որ նման դեպքից հետո բնակիչների համար դժվար է ապահով զգալ։
«Երեխա ունեմ և չեմ պատկերացնում, որ եթե ապրեի սահմանամերձ գյուղում, ինչպես կշարունակեի կյանքն այնտեղ»,- ասել է հարցվածներից մեկը։
Մեկ այլ քաղաքցու կարծիքով՝ անապահովության զգացումը միայն սահմանամերձ բնակավայրերին չի վերաբերում։
«Ես էլ, քաղաքի բնակիչն էլ ապահով չենք զգում»,- ասել է նա։
Հարցվածներից միայն մեկն է ասել, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրենց ապահով են զգում։
Մանրամասն՝ տեսանյութում։
