Առնվազն 109 միգրանտ, այդ թվում՝ 15 երեխա, զոհվել է Ջիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով։ Ավելի քան 116 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։
Ըստ կազմակերպության՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 8–9-ը։ Մոտ 350 մարդ տեղափոխող նավը Ջիբութիից ուղևորվում էր Եմեն, սակայն շրջվել է Օբոկ քաղաքի մերձակայքում։
Ավելի քան 80 եթովպացի միգրանտի հաջողվել է փրկվել։ Տարածքում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Դեպի Եմեն տանող այս երթուղուց ամեն տարի օգտվում են տասնյակ հազարավոր միգրանտներ, որոնք փորձում են աշխատանք գտնել և բարելավել իրենց կենսապայմանները Պարսից ծոցի երկրներում։ Նրանք հաճախ վտանգավոր ծովային ճանապարհ են անցնում՝ չնայած նավաբեկության վտանգին և Եմենում շարունակվող բռնություններին։
