Վիեննայի Շտրաուսի ֆիլհարմոնիկ նվագախումբը դեկտեմբերի 4-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի «Վիեննական վալս» համերգային ծրագիրը, հայտնում է թատրոնը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Անդրեաշ Դեակը։
Ծրագիրը բաղկացած է երկու բաժնից։ Առաջինում կհնչեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ջոակինո Ռոսինիի, Ֆրանց Շուբերտի, Յոհաննես Բրամսի և Ժակ Օֆենբախի ստեղծագործությունները։ Դրանց թվում են Մոցարտի «Առևանգում հարեմից» օպերայի նախերգանքը, հատվածներ թիվ 25 և թիվ 41՝ «Յուպիտեր» սիմֆոնիաներից, «Փոքրիկ գիշերային սերենադի» առաջին մասը, Ռոսինիի «Իտալուհին Ալժիրում» օպերայի նախերգանքն ու Օֆենբախի «Կանկանը»։
Երկրորդ բաժինը նվիրված է Յոհան Շտրաուս որդու և Յոզեֆ Շտրաուսի երաժշտությանը։ Նվագախումբը կկատարի «Առավոտյան թերթեր» և «Արագացումներ» վալսերը, «Որսի ժամանակ», «Աննեն» և «Փառք Հունգարիային» պոլկաները, ինչպես նաև «Հավերժական շարժում» ստեղծագործությունն ու «Հառաչանքներ» գալոպը։
Համերգը կմեկնարկի ժամը 19։00-ին։ Տոմսերի արժեքը՝ 25 000-ից 45 000 դրամ։ Դրանք կարելի է ձեռք բերել թատրոնի կայքում կամ տոմսարկղից։
