Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության (ՊՆ) զորամասերից մեկի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նրա փոխանցմամբ՝ զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացվել է։
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ Ընթանում է նախաքննություն։ Այլ մանրամասներ ՔԿ-ից չեն հայտնել։
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը հայտնել էր զինծառայողի մահվան մասին՝ նախնական տեղեկություններով առաջ քաշելով ինքնասպանության վարկածը։ ՊՆ-ն այդ վարկածին չի անդրադարձել և դեպքի հանգամանքների վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել։
Պաշտպանության նախարարությունը ցավակցություն և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքին, հարազատներին ու ծառայակիցներին։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն օրերս առաջարկել էր ստեղծել խորհրդարանական քննիչ հանձնաժողով՝ ուսումնասիրելու բանակում զինծառայողների մահվան դեպքերը և Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հարձակումը։
Նախաձեռնությանը միացել էր «Հայաստան» խմբակցությունը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չէր աջակցել դրան։
Armenia Today-ն ուսումնասիրել է զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ իր հրապարակումները։ Նախնական տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 10-ն Armenia Today-ը հայտնել է զինծառայողների մահվան առնվազն 16 առանձին դեպքի մասին։ Այս թիվը ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերի ամբողջական վիճակագրությունը չէ։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը մահացել էր 30 զինծառայող։ Նրանցից 6-ի մահը, ՊՆ-ի տվյալներով, կապված էր ծառայության, 24-ինը՝ ծառայության հետ չկապված հանգամանքների, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային պատահարների, կենցաղային դժբախտ դեպքերի և հնարավոր հիվանդությունների հետ։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2026 թվականի առաջին 7 ամսում ՀՀ զինված ուժերում գրանցվել էր զինծառայողների մահվան 30 դեպք։ Ուսումնասիրության համաձայն՝ գրանցված 30 դեպքից 11-ը պաշտոնապես դասակարգվել էր որպես զինվորական ծառայության հետ կապված, 19-ը՝ ծառայության հետ չկապված։
Իրավապաշտպան կազմակերպության հաշվարկով՝ 30 մահվան դեպքից 11-ը (շուրջ 37%) սպանության և ինքնասպանության դեպքեր են։ Կազմակերպության տվյալով՝ ինքնասպանության 8 դեպքից 6-ը և սպանության 3 դեպքից 2-ը կապված են զինվորական ծառայության հետ։
Armenia Today-ի հրապարակած դեպքերի թվում են հրազենային և դանակի վնասվածքներից, պայթյուններից և ճանապարհատրանսպորտային պատահարներից մահվան դեպքեր։ Որոշ դեպքերի հանգամանքները հրապարակման պահին չէին բացահայտվել, իսկ դրանցից մի քանիսը ՊՆ-ն դասել էր ծառայության հետ չկապված մահվան դեպքերի շարքին։
